ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 21 հուլիսի. /Նովոստի-Արմենիա/. Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում «էմո» շարժում չկա, նախօրեին Ստեփանակերտում հրավիրված ասուլիսի ժամանակ հայտնել է ԼՂՀ գլխավոր դատախազ Արշավիր Ղարամյանը։
Ըստ Ղարամյանի, Լեռնային Ղարաբաղում իրավապահ մարմինների և հանրապետության համապատասխան կառույցների կողմից անցկացված հետազոտությունների արդյունքում պարզվել է, որ այսօրվա դրությամբ Ղարաբաղում «էմո» շարժում չկա։
«Այդ հարցը հսկողության տակ է գտնվում, մասնավորապես ԼՂՀ ոստիկանության անչափահասների գործով տեսչության աշխատակիցներին հանձնարարվել է օրենքով սահմանված կարգով համապատասխան միջոցներ ձեռնարկել նման երևույթներ բացահայտելու դեպքում»,- նշել է Ղարամյանը։
ԼՂՀ գլխավոր դատախազը հայտնել է, որ եթե «էմո» շարժումը վտանգ է ներկայացնում հասարակության համար կամ սպառնում է երիտասարդության կյանքին, ապա նման դեպքերում պետք է ձեռնարկվեն օրենքով հաստատված միջոցները։
«Էմո» ենթամշակույթը (որն անգլերեն «emotion» բառի կրճատումն է՝ «զգացմունքային») սկիզբ է առնում ռոք երաժշտության առանձնահատուկ ոճից, հագուստից և կյանքից, որն իր գոյությունը սկսել է 1980-ական թվականներին Արևմուտքում։
Սկզբում «էմոն» ծնվեց որպես երաժշտական ուղղություն, սակայն արագ անցավ ինչպես աշխարհագրական, այնպես էլ երաժշտական սահմանները՝ նոր ենթամշակույթի առաջացում հրահրելով։
Սակայն, ըստ մի քանի մասնագետների, շարժման ժամանակակից հետևորդները խեղաթյուրել են գաղափարախոսության էությունը՝ այն վերածելով ինքնասպանության կոչի։ -0-