Հայ ժողովրդի համար ղարաբաղյան հիմնախնդիրը վաղուց արդեն լուծված է. ՀՀ սփյուռքի նախարար

Հայ ժողովրդի համար ղարաբաղյան հիմնախնդիրը վաղուց արդեն լուծված է, անցյալ շաբաթ օրը Ստեփանակերտում կայացած «Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման միջազգային-իրավական երաշխիքները» իրավաբանների խորհրդաժողովի ընթացքում ասաց ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը։
Ըստ նրա՝ միայն մնում է դրա վերջնական միջազգային ճանաչման հարցը։
«Ղարաբաղում իրոք հզոր պետականություն է ստեղծված՝ իր բոլոր տարրերով, ժողովրդական, քաղաքացիական հասարակություն է կառուցվել, որը բոլոր չափանիշներով շատ բաներով գերազանցում է մեր բռնատիրական հարևանից։ Այդ բոլոր նվաճումներն անհրաժեշտ է ներկայացնել միջազգային հասարակությանը»,- նշեց Հակոբյանը։
ՀՀ սփյուռքի նախարարության ղեկավարը հայտնեց, որ Ղարաբաղը պետք է բանակցությունների լիարժեք կողմ և տարածաշրջանային առկա գործընթացների մասնակից դառնա։
«Վերջին տարիների գործընթացները ցույց տվեցին, որ միջազգային ասպարեզում առավելապես ամրապնդվում են ժողովուրդների ինքնորոշման իրավունքի դիրքերը, ինչպես օրինակ դա տեղի ունեցավ Կոսովոյի և Կովկասի երկրների դեպքում, և այդ նախադեպերը պարտադիր պետք է կիրառել Լեռնային Ղարաբաղի նկատմամբ»,- ասաց Հակոբյանը։
Խորհրդաժողովի ընթացքում ընդգծվել է համաշխարհային հանրությանը ղարաբաղյան հիմնախնդրի իրավական հիմքերը օբյեկտիվ ներկայացնելու հարցում արտերկրի գիտնականների դերը։
«Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման միջազգային-իրավական երաշխիքները» իրավաբանների համաշխարհային խորհրդաժողովը, որին մասնակցում էին երկու հայկական պետությունների պետական, գիտական և հասարակական հատվածների ներկայացուցիչները, կազմակերպվել էր Միջազգային և համեմատական իրավունքի կենտրոնի նախաձեռնությամբ՝ ՀՀ սփյուռքի նախարարության, ՀՀ սահմանադրական իրավունքի կենտրոնի, Ամերիկայի հայ իրավաբանների միության և ԼՂՀ ազգային ժողովի աջակցությամբ։
Խորհրդաժողովի մասնակիցներին ընդունել է ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը։ Կայացել են նաև նրանց հանդիպումները ԼՂՀ խոսնակ Աշոտ Ղուլյանի և խորհրդարանի պատգամավորների, Արցախի պետական համալսարանի ուսանողների և պրոֆեսորադասախոսական կազմի հետ։ -0-