Արցախում կայուն հիմք է ստեղծված հաստատուն քայլերով առաջ ընթանալու համար. Արցախի Հանրապետության նախագահ

21.02.2011, 10:35
Արցախում կայուն հիմք է ստեղծված հաստատուն քայլերով առաջ ընթանալու համար. Արցախի Հանրապետության նախագահ
Արցախում կայուն հիմք է ստեղծված հաստատուն քայլերով առաջ ընթանալու համար. Արցախի Հանրապետության նախագահ

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը շնորհավորական ուղերձ է հղել հայրենակիցներին Արցախի վերածննդի օրվա առթիվ, որը նշվում է փետրվարի 20-ին:

1988թ. փետրվարի 20-ին տեղի ունեցավ Լեռնային Ղարաբաղի մարզային խորհրդի ազգային դեպուտատների արտահերթ նիստը, որի ժամանակ ընդունվեց «Ադրբեջանի ԽՍՀ և Հայաստանի ԽՍՀ գերագույն խորհուրդներին Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզը Ադրբեջանի ԽՍՀ-ի կազմից դուրս բերելու և Հայաստանի ԽՍՀ կազմին հանձնելու վերաբերյալ հայցադիմումի» մասին որոշումը։

«Փետրվարի 20-ը 23 տարի առաջ արցախցիների կյանքում նշանավորվեց որպես համազգային միասնության ու ազատատենչ ոգու վերածննդի սկիզբ և դարձավ հիրավի համաժողովրդական տոն: Այդ օրը մենք ի լուր աշխարհի հայտարարեցինք սեփական հողի վրա ազատ ու անկախ ապրելու, ինքնիշխան ու ժողովրդավարական պետություն կառուցելու մեր վճռականության մասին: Դա մարդու իրավունքների ու ազատությունների պաշտպանության կոչ էր, խաղաղ, արդար և օրինական պահանջ` համահունչ միջազգային հիմնարար նորմերին ու սկզբունքներին», - նշվում է Արցախի Հանրապետության նախագահի շնորհավորական ուղերձում, որի տեքստը տեղադրված է Արցախի Հանրապետության նախագահի կայքում:

«Մեր անցած ուղին ծանր էր ու դժվարին: Արցախը հայտնվեց մեզ պարտադրված պատերազմի բովում, որը դարձավ բազում ավերածությունների ու զոհերի պատճառ: Հանուն մեր ազգային-ազատագրական պայքարի իրենց կյանքը նվիրաբերեցին հայ ժողովրդի լավագույն զավակները: Հավերժ փառք ու պատիվ նրանց», - նշվում է ուղերձում:

Աահակյանը նշել է, որ այսօր Արցախում կայուն հիմք է ստեղծված հաստատուն քայլերով առաջ ընթանալու համար: «Մեր նպատակը տնտեսության հետևողական զարգացումն է, պաշտպանունակության շարունակական ամրապնդումը, մարդկանց կենսապայմանների բարելավումը, ժամանակակից ու բարգավաճող պետության կառուցումը: Մենք ի զորու ենք լուծել մեր ժողովրդի առջև ծառացած բոլոր խնդիրները` միշտ վառ պահելով 1988-ի ոգին: Թանկագին արցախցիներ, մեկ անգամ ևս շնորհավորում եմ բոլորիդ եւ մաղթում խաղաղություն, քաջառողջություն ու ամենայն բարիք: Թող հաջողությունն ուղեկցի ձեզ` ձեր բոլոր ձեռնարկումներում», - նշվում է շնորհավորական ուղերձում:-0-