Ռազմական գործողությունների վերսկսման դեպքում ամերիկացիները կարող են ղարաբաղյան հակամարտության գոտի զորք մտցնել. ռուս փորձագետ
Ռազմական գործողությունների դեպքում ամերիկացիները կարող են խաղաղապահների դիմակի տակ զորքեր մտցնել ղարաբաղյան հակամարտության գոտի, կարծում է ռուս փորձագետ, Սևծովյան-Կասպյան տարածաշրջանի Քաղաքական և սոցիալական հետազոտությունների ինստիտուտի տնօրեն, պրոֆեսոր Վլադիմիր Զախարովը։
«Ռազմական գործողությունների դեպքում իմ տեսլականը հետևյալն է՝ ԱՄՆ-ն կրկնակի նախազգուշացրել է Ադրբեջանին այն մասին, որ ռազմական գործողությունների դեպքում նա կճանաչի Ղարաբաղը որպես անկախ հանրապետություն, և կարող է տեղի ունենալ բոլորի համար անսպասելին, իսկ ԱՄՆ-ի համար վաղուց սպասելին։ Նրանց այդ տարածքներն անհրաժեշտ են այն պատճառով, որ սա Իրանին ամենամոտ տարածքն է»,- ասաց Զախարովը։
Նրա խոսքով՝ ԱՄՆ-ն կարող է խաղաղապահներ ուղարկել, ովքեր սկզբում կլինեն լեհեր, չեխեր, բուլղարացիներ, ՆԱՏՕ-ի այլ անդամների ներկայացուցիչներ, ովքեր ամբողջությամբ կփոխարինվեն ամերիկյան զորքերով։
Խոսելով Ռուսաստանի հնարավոր դիրքորոշման մասին ռազմական գործողությունների ենթադրվող վերսկսումից՝ Զախարովը հիշեցրեց, որ Հայաստանը ՀԱՊԿ անդամ է։
«Ադրբեջանը բանակցություններ է վարում Հայաստանի հետ՝ հրաժարվելով խոսել երրորդ կողմի հետ, թեև ղարաբաղյան կողմը պետք է մասնակցի բանակցություններին։ Իսկ Հայաստանը, լինելով ՀԱՊԿ անդամ, բնականաբար, օգնություն կստանա։ Այդ կազմակերպության կանոնադրության համաձայն, եթե անդամ երկրներից որևէ մեկի վրա հարձակվում են, ապա նա աջակցություն է ստանում»,- ասաց Զախարովը։ -0-