Ստեփանակերտում նշել են ղարաբաղցի զորահրամանատարի 90-ամյակը
Ղարաբաղցի զորահրամանատար, գեներալ-լեյտենանտ Քրստափոր Իվանյանի 90-ամյակին նվիրված հանդիսավոր միջոցառում է անցկացվել նախօրեին Ստեփանակերտում, տեղեկացնում է «Նովոստի-Արմենիա» գործակալության թղթակիցը Լեռնային Ղարաբաղի մայրաքաղաքից։
Միջոցառմանը ներկա են եղել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը, Հայ Առաքելական Եկեղեցու Արցախյան թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, ԼՂՀ խորհրդարանի խոսնակ Աշոտ Ղուլյանը, վարչապետ Արա Հարությունյանը, հանրապետության այլ պաշտոնատար անձինք։
Միջոցառման ընթացքում նշվել է Իվանյանի հսկայական ավանդը ղարաբաղյան ազգային-ազատագրական շարժման և բանակաշինության գործում։
Քրիստափոր Իվանյանի անունն է կրում Ստեփանակերտի ԼՂՀ պաշտպանության նախարարությանն առընթեր ռազմամարզական քոլեջը, ինչպես նաև ղարաբաղյան մի ավան։
Քրիստափոր Իվանի Իվանյանը (դեկտեմբերի 20,1920 թ. - օգոստոսի 30, 1999 թ.) հայ ռազմական գործիչ է, գեներալ-լեյտենանտ, Երկրորդ համաշխարհային պատերազմի և Արցախյան ազատամարտի մասնակից, Արցախի հերոս՝ «Ոսկե արծիվ» շքանշանակիր (հետմահու 2000թ.):
Ադրբեջանաղարաբաղյան պատերազմի տարիներին Քրստափոր Իվանյանը Լենինգրադից տեղափոխվել է Լեռնային Ղարաբաղ՝ իր հայրենակիցներին օգնելու համար։ 1992-1997 թվականներին ԼՂՀ ինքնապաշտպանության կոմիտեի նախագահի խորհրդականն է եղել, այնուհետև Պաշտպանության բանակի հրամանատարի առաջին տեղակալ, միավորման հրամանատար։
Զգալի ավանդ է ներդրել բանակային կառույցների և ծառայությունների, հատկապես, հրետանային զորքերի ձևավորման գործում, զորամասերի, զինվորական կենտրոնների, հրաձգարանների ստեղծման գործում։ Ղեկավարել է թշնամու կրակակետերի (Ստեփանակերտին, Մարտունուն հարող տարածքներ և այլն) ճնշման մի շարք ռազմական օպերացիաներ։ -0-