Արցախի Հանրապետության անկախությունն անպայման կճանաչվի միջազգային հանրության կողմից. ԼՂՀ նախագահ

10.12.2010, 10:45
Արցախի Հանրապետության անկախությունն անպայման կճանաչվի միջազգային հանրության կողմից. ԼՂՀ նախագահ
Արցախի Հանրապետության անկախությունն անպայման կճանաչվի միջազգային հանրության կողմից. ԼՂՀ նախագահ

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 10 դեկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Արցախի Հանրապետության անկախությունն անպայման կճանաչվի միջազգային հանրության կողմից, հայտարարել է Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը:

«Համոզված եմ՝ Արցախի Հանրապետության անկախությունն անպայման կճանաչվի միջազգային հանրության կողմից, քանի որ մեր երկրի ծնունդն ու գոյությունն ամբողջովին համապատասխանում է միջազգային իրավունքների նորմերին և հիմնարար սկզբունքներին», - նշվում է ԼՂՀ պետական անկախության մասին հանրաքվեի և Սահմանադրության օրվա առթիվ ԼՂՀ նախագահի շնորհավորական ուղերձում:

Սահակյանի խոսքերով՝ դեկտեմբերի 10-ի երկտոնը արցախյան անկախ պետականության համար ամենակարևոր և խորհրդանշական իրադարձություններից է:

«1991 և 2006 թվականների այս օրը մեր ժողովուրդը, հանդիսանալով իր իսկ կողմից ստեղծված պետության ինքնիշխանության գերագույն կրողը, հանրաքվեների միջոցով արտահայտեց Արցախն անկախ ու ազատ տեսնելու, հայրենի երկիրը շարունակաբար ամրապնդելու իր կամքն ու վճռականությունը», - ասել է ԼՂՀ նախագահը:

Նա նշել է, որ բախտորոշ այդ հանրաքվեները ձևավորել են Արցախի պետականության կառուցման փիլիսոփայությունը, որի հիմքում են ժողովրդավարությունը, սոցիալական հզոր համակարգը, Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնությունը և, իհարկե, ազատությունն ու անկախությունը:    

«Այդ բացառիկ գաղափարներն ու արժեքները հաստատուն են և անփոփոխ մեզ համար: Մենք երբեք չենք հրաժարվի մեր ընտրած ճանապարհից», - ընդգծել է նախագահը:

«Այս կարևորագույն տոնի առթիվ Արցախի Հանրապետության իշխանությունների և անձամբ իմ անունից շնորհավորում եմ մեր ողջ ժողովրդին և մաղթում խաղաղություն, քաջառողջություն, երջանկություն ու ամենայն բարիք», - ասել է Սահակյանը:-0-