ԼՂՀ նախագահի մոտ քննարկվել են «Հայաստան» հիմնադրամի հեռուստամարաթոնի նախապատրաստական աշխատանքները
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 18-ին հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն` նվիրված 2010 թվականի նոյեմբերին կայանալիք հեռուստամարաթոնի նախապատրաստական աշխատանքներին, հաղորդում է ԼՂՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը։
Լոս Անջելեսից ամենամյա «Հեռուստամարաթոն-2010»-ի հեռարձակումը տեղի կունենա նոյեմբերի 25-ին, երբ ԱՄՆ-ում նշում են Գոհության օրը։
Երկրի ղեկավարը կոնկրետ հանձնարարականներ է տվել շահագրգիռ կառույցների ղեկավարներին` աշխատանքները պատշաճ մակարդակով իրականացնելու ուղղությամբ:
Խորհրդակցությանը մասնակցում էին Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը, փոխվարչապետ, ֆինանսների նախարար Սպարտակ Թևոսյանը, պաշտոնատար այլ անձինք:
2010թ.-ին հեռուստամարաթոնը կանցկացվի «Ջուրը կյանք է» կարգախոսով, քանի որ դրա հիմնական խնդիրը Լեռնային Ղարաբաղում ջրամատակարարման համակարգերի շինարարության ֆինանսավորումն է։ «Առաջին հերթին աշխատանքներ կանցկացվեն Մարտունի, Ասկերան և Դերձոր քաղաքներում։
Հայաստան հիմնադրամը կանխատեսում է, որ բարեգործական ակցիայի մասնակիցների թիվը 20-30 տոկոսով կավելանա։ 2009թ.-ին միայն Հայաստանից դրամահավաքին շուրջ 40 հազար մարդ է մասնակցել։
Անցյալ տարի «Հեռուստամարաթոն 2009»-ի շրջանակներում դրամահավաքը կազմել է 15,8 մլն դոլար, բայց ռեկորդային է համարվում 2008թ.-ը, երբ նվիրաբերած գումարը 35 մլն դոլարի է հասել։ -0-