Լեռնային Ղարաբաղը ԱՄՆ-ից ստացել է 25 միլիոն դոլար ավելի քիչ, քան ծրագրվում էր Կոնգրեսի կողմից

24.08.2010, 16:04
Լեռնային Ղարաբաղը ԱՄՆ-ից ստացել է 25 միլիոն դոլար ավելի քիչ, քան ծրագրվում էր Կոնգրեսի կողմից

ԵՐԵՎԱՆ, 24 օգոստոսի. /Նովոստի-ԱՐմենիա/. 1998 թ.-ից ԱՄՆ-ի կողմից ԼՂՀ-ին տրամադրվող ֆինանսական օգնության ծավալը կազմել է 36 միլիոն դոլար, ինչը 25 միլիոն դոլարով ավելի քիչ է այն գումարից, որը նախատեսվում էր Կոնգրեսի կողմից, երեքշաբթի տեղեկացրել է Ամերիկայի հայ ազգային կոմիտեն (Armenian National Committee of America):

«Ամերիկահայերը շնորհակալ են ԱՄՆ-ի Կոնգրեսին՝ Ղարաբաղին օգնություն նախաձեռնելու գործում դրսևորած առատաձեռնության, ինչպես նաև ֆինանսավորման ապահովման համար՝ Արցախի ժողովրդին օգնելու նպատակով», - նշել է ANCA-ի ղեկավար Քեն Խաչիկյանը:

«Հենց Կոնգրեսի դերի և նպատակների նկատմամբ մեր հարգանքի պատճառով, որոնց հասնելու համար էլ նախատեսված է այս օգնությունը, մենք այսպես մտահոգված ենք Կոնգրեսի մշտապես փոփոխվող մտադրությունների կապակցությամբ», - ասել է Խաչիկյանն՝ ավելացնելով, որ նման կենսական կարևորություն ունեցող ծրագիրը պետք է ֆինանսավորվի ամբողջական ծավալով:

Նրա խոսքերով՝ ԱՄՆ Պետդեպարտամենտը, որն անհաջող կերպով փորձում էր դեռևս 1990-ականների վերջին խոչընդոտել Կոնգրեսի կողմից Լեռնային Ղարաբաղին նախատեսված օգնության ծրագիրը սկսելու հարցում, նախկինի պես խոչընդոտում է ամերիկացի օրենսդիրների հստակ դրսևորվող կամքին՝ այս նպատակով ծախսելով շատ ավելի քիչ գումար, քան նախատեսել էր Կոնգրեսը:

Ղարաբաղյան հակամարտությունը սկսվել է 1988 թվականին, երբ գերազանցապես հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից դուրս գալու մասին: 1991թ. դեկտեմբերի 10-ին Լեռնային Ղարաբաղում հանրաքվե անցկացվեց, որի ժամանակ մասնակիցների 99,89 տոկոսը քվեարկեց Ադրբեջանից լիովին անկախանալու օգտին:

Դրան հետևեցին Ադրբեջանի ձեռնարկած լայնածավալ ռազմական գործողությունները, որոնք հանգեցրին նրան, որ նրանք կորցրեցին վերահսկողությունը ոչ միայն Լեռնային Ղարաբաղի, այլև հարակից յոթ շրջանների նկատմամբ:

1994թ. մայիսի 12-ին զինադադարի վերաբերյալ եռակողմ համաձայնագրի կնքումից  հետո հակամարտության գոտում դադարեցին ռազմական գործողությունները, որոնց արդյունքում երկու կողմից էլ եղավ շուրջ 25-30 հազար զոհ և մոտ մեկ միլիոն մարդ  ստիպված լքեց բնօրրանը:

Հրադադարի ռեժիմ հաստատելու վերաբերյալ համաձայնագիրը մինչ այսօր ուժի մեջ է: 1992 թվականից ի վեր հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ բանակցություններ են տարվում ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, որի համանախագահներն են ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան: -0-