Ղարաբաղի նախագահը ցավակցություն է հայտնել ՉԺՀ նախագահ Հու Ձինթաոյին Չինաստանի երկրաշարժի կապակցությամբ

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 16 ապրիլի. /Նովոստի-Արմենիա/. Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը ցավակցական հեռագիր է հղել Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նախագահ, ՉԿԿ ԿԿ գլխավոր քարտուղար Հու Ձինթաոյին՝ Չինաստանում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժի կապակցությամբ:
«ԼՂՀ ժողովրդի, իշխանությունների և անձամբ իմ անունից խորին ցավակցություն ու զորակցություն եմ հայտնում Ձեզ և Չինաստանի եղբայրական ժողովրդին` Ցինխայ նահանգում տեղի ունեցած երկրաշարժի կապակցությամբ, որը խլել է հարյուրավոր մարդկանց կյանք», - նշվում է ցավակցական ուղերձում, որի տեքստը «ՆովոստիԱրմենիա» գործակալությանը տրամադրել է Արցախի հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը:
Սահակյանը նշել է, որ հայ ժողովուրդն իր վրա զգացել է նման տարերային աղետի ողջ ծանրությունը: «Համաժողովրդական վշտի այս ծանր պահին մենք Ձեզ հետ միասին կիսում ենք կորստի ցավը և տոկունություն ու արիություն մաղթում զոհվածների հարազատներին ու մերձավորներին», - ասվում է ուղերձում:
Չինաստանի Ցինխայայի հարավում գտնվող Յուիշու գավառում չորեքշաբթի առավոտյան 7,1 մագնիտուդով ստորգետնյա ցնցումներ են գրանցվել: Այժմ հայտնի է 760 զոհվածների և 11 147 տուժածների մասին: Տուժածների մեծ մասը ծանր վնասվածքներ է ստացել: Եվս 243 մարդու ճակատագիրն անհայտ է:
Յուիշու գավառում ավերավել է բնակավայրերի 90 տոկոսից ավելին, փլատակների տակ դեռ հարյուրավոր մարդիկ կան: Շուրջօրյա ընթացող փրկարարական աշխատանքներում ընդգրկված են գրեթե 10 հազար զինվորականներ, պրոֆեսիոնալ փրկարարներ, բժիշկներ:-0-