Ստեփանակերտում տեղի է ունեցել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ատլասի շնորհանդեսը

02.10.2009, 13:40
Ստեփանակերտում տեղի է ունեցել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ատլասի շնորհանդեսը

Արցախի պետական համալսարանում տեղի է ունեցել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ատլասի շնորհանդեսը:

Ինչպես հաղորդում է «Նովոստի-Արմենիա» գործակալության թղթակիցը Ստեփանակերտից, շնորհանդեսին ներկա էին ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը, ԼՂՀ ԱԺ խոսնակ Աշոտ Ղուլյանը, ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանը, պաշտոնատար այլ անձինք, Արցախի պետական համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմը և ուսանողները:

Շնորհանդեսի ընթացքում ԼՂՀ նախագահը կարևորել է ատլասի նշանակությունը, քանի որ այնտեղ ներկայացված են քաղաքակական, պատմական, տնտեսական, մշակութային և գիտակրթական բազմաթիվ տվյալներ:

Նրա խոսքերով՝ ատլասն անմիջականորեն առնչվում է պետության անվտանգության հիմնախնդիրներին և պետք է ուղեցույց հանդիսանա բոլոր ձեռնարկումներում:

 

Երկրի ղեկավարը բարձր է գնահատել խմբագրակազմի անդամների գործունեությունը և նրանց հանձնել պետական պարգևներ:

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ատլասը լույս է տեսել Երևանի «Տիգրան Մեծ» հրատարակչությունում՝ 1500 օրինակ տպաքանակով:

Հայերեն և ռուսերեն լեզուներով ատլասը կազմվել և պատրաստվել է հրատարակության 2007-2009 թ.-ի ընթացքում՝ ՀՀ կառավարությանն առընթեր Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Գեոդեզիայի և քարտեզագրության կենտրոնի կողմից՝ ԼՂՀ կառավարությանն առընթեր Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի պատվերով:

Ատլասը պատմա-աշխարհագրական տեսանկյունից ամբողջական պատկերացում է տալիս Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մասին:

Ատլասում ամփոփված միջին և խոշոր մասշտաբների շուրջ 70 քարտեզները, տեքստերը և սխեմաները ԼՂՀ կազմավորման, աշխարհագրական դիրքի, բնական պայմանների և ռեսուրսների, բնակչության, տնտեսության և մշակույթի մասին բազմակողմանի տեղեկատվություն են պարունակում:

Ատլասում ներկայացված են նաև աշխարհաքաղաքական և ռազմաքաղաքական իրադարձություններ, որոնք վճռական դեր են խաղացել Արցախի հայերի պատմական զարգացման մեջ:

Խմբագրական կոլեգիայի նախագահն ու ատլասի գլխավոր խմբագիրն է տեխնիկական գիտությունների թեկնածու, ՀՀ անշարժ գույքի պետական կադաստրի նախկին ղեկավար Մանուկ Վարդանյանը:  -0-