ԼՂՀ Շահումյանի շրջանի Եղեգնուտ գյուղում նոր դպրոց է բացվել

07.09.2009, 14:35
ԼՂՀ Շահումյանի շրջանի Եղեգնուտ գյուղում նոր դպրոց է բացվել

Արցախի ազգային հերոս Պետրոս Ղևոնդյանի անվան նոր միջնակարգ դպրոցի շահագործման հանձնելու պաշտոնական արարողությունն է տեղի ունեցել Լեռնային Ղարաբաղի Շահումյանի շրջանի Եղեգնուտ գյուղում:

Ինչպես հաղորդում է «Նովոստի-Արմենիա» գործակալության թղթակիցը Ստեփանակերտից, դպրոցի բացման արարողությանը ներկա էին ԼՂՀ կառավարությանն առընթեր Կապիտալ շինարարության վարչության պետ Կարեն Շահրամանյանը, Շահումյանի շրջկենտրոնի ղեկավար Վիտալի Դանիելյանը, պաշտոնատար անձինք, Եղեգնուտ գյուղի բնակիչներ, հյուրեր:

Կապիտալ շինարարության վարչության պետ Կարեն Շահրամանյանի խոսքերով՝ 130 աշակերտների համար նախատեսված դպրոցում կան բոլոր հնարավորությունները երիտասարդ սերնդի կրթության և դաստիարակության համար:

«Ուսումնական հաստատությունում կա համակարգչային դասասենյակ, բարեկարգված դասասենյակներ և լաբորատորիա: Դպրոցի շինարարությունն ամբողջովին իրականացվել է ԼՂՀ պետբյուջեի միջոցներով: Շինարարության ընդհանուր գումարը կազմել է 92 միլիոն 500 հազար դրամ», - տեղեկացրել է Շահրամանյանը:

Եղեգնուտ գյուղի նորակառույց դպրոցի տարածքում իրականացվել է նաև ծառատունկ:-0-