Ղարաբաղի հարցով հայկական քարոզչությունը պետք է ավելի կենտրոնացված լինի. Պասկալևա

09.07.2009, 17:57
Ղարաբաղի հարցով հայկական քարոզչությունը պետք է ավելի կենտրոնացված լինի. Պասկալևա

ԵՐԵՎԱՆ, 9 հուլիսի. /Նովոստի-Արմենիա/. Ղարաբաղի հարցով հայկական քարոզչությունը պետք է ավելի կենտրոնացված լինի, կարծում է բուլղարացի հայտնի լրագրող Ցվետանա Պասկալևան:

«Հայկական քարոզչությունը երբեք բարձր մակարդակում չի եղել: Իմ կարծիքով՝ յուրաքանչյուրն այդ քարոզչությանը մասնակցում է՝ ելնելով իր անձնական կամ քաղաքական հավակնություններից, բայց Ղարաբաղի հարցում պետք է մոռանալ քաղաքական կողմնապահություններն ու ողջ հայությանը միավորվել այդ համազգային գաղափարի շուրջ»,- ասաց Պասկալևան, որը Ղարաբաղի ազգային-ազատագրական շարժման գլխավոր տարեգիրներից մեկն է:

Նրա խոսքերով՝ կուսակցական գաղափարները ոչ մի վճռորոշ դեր չպետք է խաղան այս հարցում:

«Պետք է լավ վերահսկող մարմին և քարոզչության լավ կառուցվածք ստեղծել, քանի որ խոսքը ազգային անվտանգության ու ազգային հարցի մասին է»,- ընդգծեց Պասկալևան:

Նրա կարծիքով՝ միայն այդպես Հայաստանը կկարողանա պահպանել իր հաղթանակը և իր քարոզչությունն ավելի ամրապնդել:

Ղարաբաղյան հակամարտությունը սկիզբ է առել 1988 թ.-ին, երբ հիմնականում հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից  դուրս գալու մասին։

1991 թ. դեկտեմբերի 10-ին, Խորհրդային Միության փլուզումից մի քանի օր առաջ, Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցավ հանրաքվե, որի ժամանակ բնակչության ճնշող մեծամասնությունը՝ 99,89 տոկոսը Ադրբեջանից ամբողջովին անկախանալու կողմ քվեարկեց։

Դրանից հետո սկսվեցին լայնամասշտաբ ռազմական գործողություններ, որոնց հետևանքով Ադրբեջանը կորցրեց վերահսկողությունը Լեռնային Ղարաբաղի և նրան հարակից յոթ շրջանների նկատմամբ։

 

1994 թ.-ի մայիսի 12-ին՝ զինադադարի մասին համաձայնագրի ուժի մեջ մտնելուց հետո հակամարտության գոտում դադարեցին ռազմական գործողությունները։ Պատերազմի  հետևանքով երկու կողմից զոհվեց մոտավորապես 25-30 հազ մարդ և մոտ  մեկ միլիոնը ստիպված եղավ լքել  բնակավայրերը։

 Զինադադարի ռեժիմի մասին համաձայնությունը պահպանվում է մինչ այժմ։

1992 թ.-ից մինչ օրս ընթանում են բանակցություններ հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, որի համանախագահներն են ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան։-0-