Ստեփանակերտում անցկացվեցին առաջին միասնական պետական քննությունները

03.06.2009, 13:40
Ստեփանակերտում անցկացվեցին առաջին միասնական պետական քննությունները

Աշխարհագրություն, կենսաբանություն և ընդհանուր պատմություն առարկաներից այս տարվա առաջին միասնական պետական քննությունները նախօրեին անցկացվեցին ԼՂՀ մայրաքաղաքում։

Ինչպես հաղորդում է «Նովոստի-Արմենիա» գործակալության թղթակիցը Ստեփանակերտից, Ստեփանակերտի թիվ 7 դպրոցում անցկացված ընդհանուր պատմություն առարկայի պետական քննությանը հայտ ներկայացրած 67 շրջանավարտից մասնակցել է 62 մարդ։

Քննական թեստերը բաժանվել են չորս տարբերակով, և դրանք լրացնելու համար քննության մասնակիցներին երեք ժամ է տրվել։
Ստեփանակերտի թիվ 3 ռուսական միջնակարգ դպրոցի տնօրեն Լյուդմիլա Հովհաննիսյանի խոսքերով, որտեղ անցկացվել է աշխարհագրություն առարկայի միասնական պետական քննությունը՝ 33 շրջանավարտից քննությանը մասնակցել է 32 շրջանավարտ։

«Քննությունն անցկացվել է նորմալ, շատ հանգիստ մթնոլորտում, առանց որևէ միջադեպի», - ասել է Հովհաննիսյանը։

Կենսաբանություն առարկայի միասնական պետական քննությունն անցկացվել է Արցախի պետական համալսարանում (ԱրՊՀ)։ ԼՂՀ կրթության և գիտության նախարար Վլադիկ Խաչատրյանը, ով քննության մեկնարկից առաջ գտնվում էր ԱրՊՀ-ում, զրուցել է շրջանավարտների ծնողների հետ և պատմել նրանց քննական կարգի առավելությունների և պայմանների մասին, որոնք ստեղծվել են շրջանավարտների համար։

Շրջանավարտների ծնողները հնարավորություն ունեին հետևել քննության ընթացքին ԱրՊՀ-ի բակում տեղադրված մոնիտորի միջոցով։

Արցախի պետական համալսարանում գտնվող քննական կենտրոն է այցելել նաև ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանը։ ԼՂՀ կառավարության ղեկավարը մտել է մարզադահլիճ, որտեղ շրջանավարտները հանձնում էին կենսաբանություն առարկայի պետական քննությունը, ծանոթացել է քննության ընթացքին և ստեղծված պայմաններիմ։

Քննական բոլոր կենտրոններում թեստերը հավաքվել են և պատասխանատու կենտրոնների ու երկու շրջանավարտների ներկայությամբ տեղադրվել համապատասխան ծրարների մեջ, որոնք կուղարկվեն ՀՀ գնահատման և թեստավորման կենտրոն՝ մշակում անցնելու համար։

Հայոց լեզու և գրականություն առարկայի հաջորդ միասնական պետական քննությունը կանցկացվի հունիսի 5-ին։

Հայաստանում և ԼՂՀ-ում Միասնական պետական քննությունները մեկնարկել են   հունիսի 2-ին և կտևեն մինչև հունիսի 20-ը։ ՀՀ գնահատման և թեստավորման կենտրոնի վերջնական տվյալներով, Հայաստանում և Լեռնային Ղարաբաղում 15 առարկայից միասնական պետական քննություն հանձնել ցանկացողների թիվը կազմում է 19 164 մարդ։--0--