ԼՂՀ նախագահը շնորհավորել է հայրենակիցներին՝ Հայաստանի Առաջին հանրապետության օրվա առթիվ
ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը շնորհավորական ուղերձ է հղել՝ այսօր նշվող Հայաստանի Առաջին Հանրապետության օրվա առթիվ։
«Այս օրը տոն է ողջ հայ ժողովրդի համար, բոլոր հայերի` Հայաստանում, Արցախում և Սփյուռքում: Եվ բոլորս պարտավոր ենք միշտ հիշել այդ տոնի խորհուրդը: Դա մեր ժողովրդի միասնության ու հավաքական կամքի հաղթանակի տոնն է»,- ասվում է ԼՂՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից ստացված շնորհավորական ուղերձում։
Սահակյանի խոսքերով, «Սարդարապատի, Բաշ-Ապարանի, Ղարաքիլիսայի հերոսական դասերի շնորհիվ է նաև, որ կարողացանք հաղթել արցախյան պատերազմում, որ այսօր ապրում և արարում ենք ազատ ու անկախ հայկական հողում, ունենք օրեցօր շենացող ու զարգացող Հայաստանի Հանրապետություն և Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն»։
«Մենք պետք է գիտակցենք այդ հաղթանակների արժեքը և պահպանենք այն աչքի լույսի պես: Պահպանենք ու համատեղ ուժերով կառուցենք մեր երկիրը, ջանք ու եռանդ չխնայենք հայոց պետականության ամրապնդման համար և սերունդներին թողնենք հզոր ու բարգավաճ Հայրենիք՝ բոլոր հայերի երազանքը», - նշվում է ուղերձում։
ԼՂՀ նախագահը շնորհավորում է հայրենակիցներին՝ այս թանկ ու հիշարժան տոնի առթիվ՝ մաղթելով նոր հաղթանակներ ու հաջողություններ` ի փառս հայ ժողովրդի, նրա պայծառ ու լուսավոր ապագայի:-0-