Ղարաբաղի խորհրդարանի հերթական լիագումար նիստը տեղի կունենա մայիսի 27-ին
2009թ.-ի մայիսի 27-ին ծրագրված ԼՂՀ ԱԺ 8-րդ նստաշրջանի հերթական լիագումար նիստի նախապատրաստության հարցը քննարկվել է նախօրեին Ստեփանակերտում, ԼՂՀ խորհրդարանի խոսնակ Աշոտ Ղուլյանի հրավիրած աշխատանքային խորհրդակցության ընթացքում։
Ինչպես «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տեղեկացրեցին ԼՂՀ ԱԺ մամուլի ծառայությունից, խորհրդակցության ընթացքում լսվել են մշտական հանձնաժողովների նախագահների հաղորդումները շրջանառության մեջ գտնվող օրինագծերի թեմատիկ ընդգրկումների և պատրաստության վիճակի վերաբերյալ։
Մտքերի փոխանակման արդյունքում ճշտվել է լիագումար նիստի հաստատմանը ենթակա օրակարգային հարցերի շրջանակը, նշվել են առաջիկա անելիքները, տրվել են համապատասխան հանձնարարականներ։
Խորհրդակցության ընթացքում քննարկվել են նաև ներխորհրդարանական կյանքի հարցեր։ Քննարկմանը մասնակցել են ԱԺ ղեկավար կազմի և աշխատակազմի ծառայությունների պատասխանատուները։-0-