Բրիտանացի լուսանկարիչ Փոլ Մելորի աշխատանքների ցուցահանդեսն է բացվել Ստեփանակերտում

08.05.2009, 11:04
Բրիտանացի լուսանկարիչ Փոլ Մելորի աշխատանքների ցուցահանդեսն է բացվել Ստեփանակերտում
Բրիտանացի լուսանկարիչ Փոլ Մելորի աշխատանքների ցուցահանդեսն է բացվել Ստեփանակերտում

Բրիտանացի հայտնի լուսանկարիչ Փոլ Մելորի աշխատանքների՝ «Հայացք անցյալին, դեմքով դեպի ապագա» խորագրով ցուցահանդեսն է հինգշաբթի բացվել Ստեփանակերտի Մշակույթի և երիտասարդության պալատում:

Ինչպես հայտնում է «Նովոստի-Արմենիա» գործակալության թղթակիցը Ստեփանակերտից, Մելորի լուսանկարներում պատկերված են հիմնականում երեխաներ, տեսարժան վայրեր, զինվորական առօրյաներ, պատմամշակութային հուշարձաններ, բնություն, ՀՀ և ԼՂՀ ժողովրդի առօրյա կյանքն ու կենցաղը, ինչպես նաև Արցախի հետպատերազմական տարիները: Լուսանկարները Հայաստան և Լեռնային Ղարաբաղ կատարած նրա բազմաթիվ այցելությունների արդյունքն են:

Բրիտանացի լուսանկարիչը հայտարարեց, որ առաջին անգամ Լեռնային Ղարաբաղ է եկել 2001 թ.-ին և իր համար առանձնահատուկ մի երկիր բացահայտել։

«ԼԻնելով լուսանկարիչ՝ ես շատ եմ ափսոսում, որ Ղարաբաղի համար այն դժվարին ժամանակներին չեմ կարողացել ձեր կողքին լինել և ձեզ հետ կիսել այն տարիների ձեր վիշտն ու տառապանքը։ Իմ լուսանկարներում պատկերված են հիմնականում երեխաներ, անգամ նորածիններ, որոնք այս երկրի ապագան են։ Եվ մեր պարտքն է նրանց փոխանցել ապահով և ուժեղ երկիր, իսկ անձամբ ես կշարունակեմ լուսանկարել նրանց ամենօրյա կյանքը»,- ասաց Մելորը։ 

Ցուցահանդեսի բացմանը ներկա էին ԼՂՀ խորհրդարանի խոսնակ Աշոտ Ղուլյանը, ԼՂՀ առողջապահության նախարար Արմեն Խաչատրյանը, Հանրապետության հասարակայնության ներկայացուցիչներ, մայրաքաղաքի բժշկական հաստատությունների աշխատակիցներ, լրագրողներ։  

Ցուցահանդեսը, որը կտևի մինչև մայիսի 13-ը, կազմակերպվել է բրիտանական «BirthLink» մարդասիրական կազմակերպության աջակցությամբ, որը զբաղվում է մոր ու մանկան առողջության հարցերով։ -0-