Ղարաբաղում ապրանքների գների զգալի թանկացումներ չեն լինի. ԼՂՀ վարչապետ

04.03.2009, 13:04
Ղարաբաղում ապրանքների գների զգալի թանկացումներ չեն լինի. ԼՂՀ վարչապետ

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 4 մարտի. /Նովոստի-Արմենիա/. ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանը չորեքշաբթի խորհրդակցություն է անցկացրել հանրապետության առևտրային գործունեություն իրականացնող մի շարք ընկերությունների պատասխանատուների հետ։

Ինչպես չորեքշաբթի «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տեղեկացրեցին ԼՂՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, ԼՂՀ վարչապետը, նախ իշխանությունների դժգոհությունն է փոխանցել ներկաներին առ այն, որ երեկ դոլարի փոխարժեքի բարձրացման առիթով առանձին առևտրային կետեր դադարեցրել են իրենց աշխատանքը՝ խուճապային տրամադրություն հարուցելով բնակչության շրջանում։

Որոշ խանութներում կտրուկ բարձրացվել են առանձին ապրանքատեսակների գները, ինչը ներկա պահին հիմնավորված շուկայական քայլ չի կարող բնութագրվել։

ԼՂՀ վարչապետը պարզաբանել է, որ դոլարի փոխարժեքը, ինչպես և սպասվում էր, բարձրացել է 15-20%-ով և համապատասխան գնաճ կարող է լինել ներկրվող որոշ ապրանքատեսակների գծով։

Արա Հարությունյանը անթույլատրելի է համարել այն տնտեսվարողների նկրտումները, ովքեր փորձում են օգտվել իրավիճակից և ստանալ գերշահույթ։

 

Առևտրային գործունեություն իրականացնող ընկերությունների առջև խնդիր է դրվել՝ շարունակել իրենց բնականոն գործունեությունը և բացատրական աշխատանք տանել հաճախորդների շրջանում։

 

ԼՂՀ կառավարության ղեկավարը հայտարարել է, որ բարձր թանկացումներ չեն լինի՝ հանձնարարելով հարկային և տնտեսական մրցակցության հարցերով զբաղվող մարմիններին ուժեղ վերահսկողության տակ առնել առևտրի շուկան։-0-