Ադրբեջանը շարունակում է շահարկել «խոջալուի» թեման. Լեռնային Ղարաբաղի արտգործնախարարություն

Ադրբեջանում ավանդական հակահայկական արշավ է սկսվել՝ կապված 1992 թ. Խոջալուի իրադարձությունների հետ, ասվում է ԼՂՀ արտգործնախարարության հայտարարության մեջ։
«Ընդ որում, պաշտոնական ադրբեջանական քարոզչությունը նախկինի պես խտրություն չի դնում միջոցների մեջ՝ ողբերգության մեջ հայկական կողմին մեղադրելու համար՝ միջազգային հանարության և սեփական ժողովրդի գիտակցության մեջ ներարկելով հայատյացության թույնի նոր չափաբաժին: Դեռ ավելին, Բաքուն շարունակում է արդեն մերկացած կեղծիքներ տիրաժավորել», - ասվում է հայտարարության մեջ։
Այսպիսով, անցած տարի Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը հասարակության ուշադրությունը հրավիրեց կեղծված լուսանկարին, որ տեղադրված էր մի շարք ադրբեջանական կայքէջերում, այդ թվում նաև Ադրբեջանում մեծ հարգանք վայելող «Հեյդար Ալիևի հիմնադրամ» կայքէջում։ Նշվել է, որ հարևան երկրի քարոզչական մեքենան փորձում է օգտագործել այն, որ բացի լուսանկարի առաջնային պլանում քաղաքացիական անձանց դիակների, ետնամասում երևում է ինչ-որ բնակավայրի ծայրամաս։
«Այն,ըստ երևույթին, պետք է ճշմարտություն հաղորդի Խոջալուում ադրբեջանցիների զանգվածային սպանությունների մասին Բաքվի տարբերակին: Մինչդեռ վերոհիշյալ լուսանկարի գունավոր տարբերակը միանգամայն հերքում է այդ վարկածը` զոհվածների արտաքին տեսքի, նրանց հագուստի և այլնի առումով: Իրականում լուսանկարը անմիջականորեն առնչվում է Կոսովոյի հետ: Հենց այդ որակով բազմաթիվ այլ լուսանկարների հետ այն տեղադրվել է և հիշատակվում է սերբական, ալբանական, գերմանական, ինչպես նաև «Նյու Յորք թայմս» հեղինակավոր պարբերականի կայքէջերում», - նշվում է ԼՂՀ արտգործնախարարության հայտարարության մեջ։
Այնուամենայնիվ ցուցադրված բացահայտ կեղծիքը, ըստ ամենայնի, շարունակում է մնալ շատ ադրբեջանական կայքէջերում` մոլորության մեջ գցելով չտեղեկացվածներին: Ամբողջ աշխարհով մեկ նաև տարածվում են տվյալ կեղծիքով բուկլետներ:
ԼՂՀ ԱԳՆ տեղեկատվական վարչությունը հիշեցնում է, որ 1992թ. փետրվարի 25-26-ը ղարաբաղյան կողմը ռազմական գործողութուն է սկսել Խոջալու բնակավայրի կրակակետերի վերացման և նույն ավանի մոտ գտնվող միակ օդանավակայանի ապաշրջափակման նպատակով: 1991թ-ից սկսած հենց այդտեղից են Լեռնային Ղարաբաղի բնակավայրերը ենթարկվել ադրբեջանական ՕՄՕՆ-ականների հարձակումներին, գնդակոծվել «Ալազան» «Կրիստալ» և համազարկային կրակի «Գրադ» ռեակտիվ կայանքներից:
Խոջալուն գրոհող ԼՂՀ ինքնապաշտպանական ուժերը խաղաղ բնակիչների համար միջանցք էին թողել անվտանգ հեռանալու համար, ինչի մասին նախօրոք տեղեկացվել է հակառակորդ կողմը: Խոջալուի կրակակետերը ճնշելու գործողության նախապատրաստման մասին ևս հակառակորդին տեղեկացվել էր երկու ամիս առաջ, ինչը հաստատել են նաև Ադրբեջանի պաշտոնատար անձիք, մասնավորապես, այնժամանակվա նախագահ Այազ Մութալիբովը։
Սակայն Ադրբեջանի իշխանությունները ոչինչ չեն ձեռնարկել խաղաղ բնակչությանը մարտական գործողություների գոտուց դուրս բերելու համար: Ավելին, խաղաղ քաղաքացիների շարասյունները գնդակահարվել են Աղդամի շրջանի սահմանային մատույցներում, որն ավելի ուշ հաստատել է Ա.Մութալիբովը` այդ հանցավոր գործողությունը կապելով իրեն իշխանությունից հեռացնելու և պատասխանատվությունը իր վրա բարդելու ընդդիմության փորձերի հետ:
Տարածքը, որտեղ հետագայում բազմաթիվ սպանվածների դիակներով կադրեր են նկարահանվել, գտնվել է Աղդամից` 3, Խոջալուից 11 կմ հեռավորության վրա: Ընդհուպ մինչև 1993 թ. ամռանը Աղդամի անկումը տվյալ տարածքը ամբողջովին վերահսկվւմ էր Ադրբեջանի ժողովրդական ճակատի կողմից, ինչը բացառում էր ղարաբաղյան բանակի ստորաբաժանումների մուտքն այդտեղ:
Մինչ այսօր մշուշապատ են մնում այդ ռազմական գործողության որոշ մանրամասներ, ինչն ակտիվորեն շահարկվում է պաշտոնական Բաքվի կողմից իր քաղաքական նպատակներին հասնելու համար:
Հատկանշական է, որ այդ ամբողջ քարոզչությունը տարվում է վառ արտահայտված հակահայկական շեշտադրումներով ու օգտագործվում ադրբեջանցիների շրջանում հայերի դեմ ուղղված էթնիկ անհանդուրժողականության և ատելության շիկացման համար:
Ցավոք, անհրաժեշտ է փաստել, որ «խոջալուի» թեման շարունակում է մնալ Ադրբեջանի ներքին և արտաքին տեղեկատվական, ավելի ճիշտ, ապատեղեկատվական քաղաքականության անկյունաքարը ղարաբաղյան հիմնախնդրի համատեքստում: -0-