Ղարաբաղում ստեղծվել է արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով հանրային խորհուրդ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 25 դեկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. ԼՂՀ մի խումբ հասարակական գործիչներ Ղարաբաղում ստեղծել են Արտաքին քաղաքականության և անվտանգութայն հարցերով հանրային խորհուրդ։
Ինչպես հայտնեց «Նովոստի-Արմենիա» գործակալության թղթակիցը Ստեփանակերտից, որպես հիմնական առաջնահերթություն Խորհուրդը նպատակ ունի նպաստել առկա մտավոր ներուժն ի մի բերելուն և արտաքին քաղաքականության և անվտանգության ոլորտում Արցախի առջև ծառացած հրատապ խնդիրների լուծմանը այն ի սպաս դնելուն, շահագրգիռ պետական և ոչ պետական կառույցների համար գործնական առաջարկություններ մշակել, այդ թվում՝ հանրապետության համար հրատապ հարցերի շուրջ հանրային քննարկումների միջոցով։
Խորհուրդը պարբերաբար վերլուծական նյութեր է պատրաստելու, հրապարակելու է մեկնաբանություններ և փորձագիտական գնահատականներ։
Խորհրդի անդամները պայմանավորվել են գործել ազգային շահերին հավատարմության, ոչ թե կուսակցական, այլ արհեստավարժական իրավասության սկզբունքների հիման վրա։ Խորհուրդը գլխավորելու է ԼՂՀ նախկին փոխարտգործնախարար Մասիս Մայիլյանը։
Ըստ նրա, Խորհրդում որպես փորձագետներ ներգրավվելու են ոչ միայն արցախցի մասնագետները, այլև Արցախի բարեկամները, ովքեր աշխատում են նորանկախ երկրի սահմաններից դուրս։
Մասիս Մայիլյանը վստահություն է հայտնել, որ Հանրային խորհրդի աշխատանքը կնպաստի ինչպես ԼՂՀ արտաքին քաղաքականության պաշտոնական սուբյեկտների, այնպես էլ հանրապետական առանձին կառույցների գործունեության ակտիվացմանը։
Խորհրդի անդամների կարծիքով՝ ԼՂՀ-ի համար բոլորովին նոր հանրային կառույցի աշխատանքը հեռանկարային գաղափարներով ու նախաձեռնություններով կհարստացնի արտաքին-քաղաքական օրակարգը։ Հանրապետության արտաքին-քաղաքական ռազմավարության ձևավորման գործում քաղաքացիական հասարակության մասնակցությունը կնպաստի ԼՂՀ ազգային շահերի պաշտպանությանն ուղղված որոշումների ընդունմանը։ -0-