Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում ամենաարդյունավետը ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափն է. ԼՂՀ խորհրդարանի փոխխոսնակ

04.11.2008, 19:23
Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում ամենաարդյունավետը ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափն է. ԼՂՀ խորհրդարանի փոխխոսնակ

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 4 նոյեմբերի. /Նովոստի-Արմենիա/. ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափը ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում ամենաարդյունավետն ու կենսունակն է, երեքշաբթի հանրապետական «Ազատ Արցախ» թերթին տված հարցազրույցում հայտարարել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության խորհրդարանի փոխխոսնակ Ռուդիկ Հյուսնունցը։

Ըստ նրա, վերջին տասը տարիների ընթացքում ԵԱՀԿ Մինսկի խմբի ներդրումը հրադադարի ռեժիմի պահպանման գործում մեծ է, և «մենք չենք ցանկանում Մինսկի խմբի ձևաչափը փոխարինել որևէ այլ ձևաչափով»։

«ԵԱՀԿ ՄԽ համանախագահները քաջածանոթ են ղարաբաղյան հիմնախնդրի ոչ միայն քաղաքական, այլ նաև իրավական և պատմական կողմերին։ Խոսելով մադրիդյան հայտնի սկզբունքների մասին, որոնք ևս նույն Մինսկի խմբի աշխատանքների արդյունքն են, դրանք կարող ենք դրական գնահատել թեկուզ հենց այն առումով, որ այսօր բանակցող երկու կողմերն էլ՝ Հայաստանն ու Ադրբեջանը, հնարավոր են համարում երկխոսությունը շարունակել դրանց շուրջ։ Բացի այդ, խոսելով ՄԽ գործունեության մասին, անհրաժեշտ է կարևորել ևս մեկ հանգամանք. հենց այս ձևաչափում է Լեռնային Ղարաբաղն ամրագրվել որպես բանակցող կողմ։ Այլ խնդիր է, որ ԼՂՀ-ն այսօր բանակցությունների լիարժեք մասնակից չէ։ Միաժամանակ համոզված եմ, որ մեր լիարժեք մասնակցությունը շատ ավելի կհեշտացներ կարգավորման գործընթացը։»,- նշել է Հյուսնունցը։

Ղարաբաղյան հակամարտությունը սկիզբ է առել 1988 թ.-ին, երբ հիմնականում հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից  դուրս գալու մասին։

1991 թ. դեկտեմբերի 10-ին, Խորհրդային Միության փլուզումից մի քանի օր առաջ, Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցավ հանրաքվե, որի ժամանակ բնակչության ճնշող մեծամասնությունը՝ 99,89 տոկոսը Ադրբեջանից ամբողջովին անկախանալու կողմ քվեարկեց։

Դրանից հետո սկսվեցին լայնամասշտաբ ռազմական գործողություններ, որոնց հետևանքով Ադրբեջանը կորցրեց վերահսկողությունը Լեռնային Ղարաբաղի և նրան հարակից յոթ շրջանների նկատմամբ։

1994 թ.-ի մայիսի 12-ին՝ զինադադարի մասին համաձայնագրի ուժի մեջ մտնելուց հետո հակամարտության գոտում դադարեցին ռազմական գործողությունները։ Պատերազմի  հետևանքով երկու կողմից զոհվեց մոտավորապես 25-30 հազ մարդ և մոտ  մեկ միլիոնը ստիպված եղավ լքել  բնակավայրերը։

Զինադադարի ռեժիմի մասին համաձայնությունը պահպանվում է մինչ այժմ։

1992 թ.-ից մինչ օրս ընթանում են բանակցություններ հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, որի համանախագահներն են ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան։-0-