Անհրաժեշտ է տարբերել ղարաբաղյան հակամարտության կարգավորման խնդիրը և հենց հակամարտությունը. քաղաքագետ
Ղարաբաղյան հակամարտության կարգավորումն ու ղարաբաղյան հակամարտությունը տարբեր հասկացություններ են և տարբեր խնդիրներ, կարծում է հայ քաղաքագետ, Կովկասի ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը։
«Մինսկի խմբի շրջանակներում ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացը կարող է ոչ մի կապ չունենալ Ղարաբաղի հետ, իսկ Ղարաբաղում տեղի ունեցածը կարող է կապ չունենալ Մինսկի խմբի հետ», - ասել է նա նախօրեին Երևանում՝ «Հարավային Կովկասի նոր իրողությունները։ Տարածաշրջանային փոխգործակցության և ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման հնարավորությունները» խորհրդաժողովին։
Իսկանդարյանի կարծիքով, ղարաբաղյան հակամարտության կարգավորման շրջանակներում նշմարվում է մի իրավիճակ, որի դեպքում, ակնհայտ է, մրցակցելու են Ռուսաստանն ու ԱՄՆ-ն՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ։
Միաժամանակ հայ քաղաքագետը կարծում է, որ Հայաստանի վրա Ռուսաստանի և ԱՄՆ-ի ճնշումը նրանց մրցակցության արդյունքն է, այն բավականին ավանդական բան է ողջ տարածաշրջանի և, մասնավորապես, Հայաստանի համար։
Նրա կանխատեսումներով՝ տարածաշրջանի ներսի դիմադրությունը տարածաշրջանի դրսում կատարվածի նկատմամբ ավելի ուժեղ կլինի։
Իսկանդարյանը կարծում է, որ տարածաշրջանում նոր իրավիճակ է ստեղծվել, որի դեպքում Վրաստանը թուլացել է, Ադրբեջանը ստիպված է հեռու մնալ Արևմուտքից, իսկ Հայաստանը Թուրքիային տարածաշրջանային քաղաքականության մեջ ներառելու հեռանկար ունի։
Նրա կարծիքով, ստեղծված իրավիճակը որոշ հնարավորություն է ընձեռում Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի համար։
«Եվրոպական ինտեգրացիա» հասարակական կազմակերպության նախագահ Կարեն Բեքարյանն իր հերթին կարծում է, որ ղարաբաղյան խնդիրը հարմար է՝ Ռուսաստանի և ԱՄՆ-ի ջանքերի միավորման տեսակետից, քանի որ նրանք համատեղ են փորձում այն լուծել։
Ղարաբաղյան հակամարտությունը սկիզբ է առել 1988 թ.-ին, երբ հիմնականում հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից դուրս գալու մասին։
1991 թ. դեկտեմբերի 10-ին, Խորհրդային Միության փլուզումից մի քանի օր առաջ, Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցավ հանրաքվե, որի ժամանակ բնակչության ճնշող մեծամասնությունը՝ 99,89 տոկոսը Ադրբեջանից ամբողջովին անկախանալու կողմ քվեարկեց։
Դրանից հետո սկսվեցին լայնամասշտաբ ռազմական գործողություններ, որոնց հետևանքով Ադրբեջանը կորցրեց վերահսկողությունը Լեռնային Ղարաբաղի և նրան հարակից յոթ շրջանների նկատմամբ։
1994 թ.-ի մայիսի 12-ին՝ զինադադարի մասին համաձայնագրի ուժի մեջ մտնելուց հետո հակամարտության գոտում դադարեցին ռազմական գործողությունները։ Պատերազմի հետևանքով երկու կողմից զոհվեց մոտավորապես 25-30 հազ մարդ և մոտ մեկ միլիոնը ստիպված եղավ լքել բնակավայրերը։
Զինադադարի ռեժիմի մասին համաձայնությունը պահպանվում է մինչ այժմ։
1992 թ.-ից մինչ օրս ընթանում են բանակցություններ հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, որի համանախագահներն են ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան։-0-