Ղարաբաղի խորհրդարանը ներկայացրել է Ղարաբաղի միջազգային ճանաչման առաջնային քայլերի եզրակացությունը

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 14 մայիսի./Նովոստի-Արմենիա/. ԼՂՀ Ազգային ժողովի «Ժողովրդավարություն», «Հայրենիք» և «ՀՅԴ- Շարժում 88» պատգամավորական խմբակցությունները չորեքշաբթի ԼՂՀ Ազգային ժողովում անցկացված հերթական լիագումար նիստի ժամանակ ներկայացրել են եզրակացություն՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետութան միջազգային ճանաչման գործընթացի առաջնային քայլերի վերաբերյալ։
ԼՂՀ Ազգային ժողովի «Ժողովրդավարություն», «Հայրենիք» և «ՀՅԴ- Շարժում 88» պատգամավորական խմբակցությունները` հիմք ընդունելով «Ղարաբաղյան հիմնախնդիր. կարգավորման հեռանկարներ» թեմայով 2006 թ. ապրիլի 21-ին ԼՂՀ Ազգային ժողովում անցկացված խորհրդարանական լսումների արդյունքները, որոնք ամփոփված են նույն օրը ԱԺ խում- խմբակցությունների կողմից տարածված համատեղ հայտարարությամբ, ընդհանրացնելով ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի` «Ղարաբաղյան կարգավորման բանակցային գործընթացի հիմնական միտումները» հարցով 2008 թ. ապրիլի 2-ի ընդլայնված նիստի քննարկումներ, անհրաժեշտ են համարում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահին և կառավարությանը առաջարկել գործնական քայլեր ձեռնարկել Հայաստանի Հանրապետության հետ միջպետական հարաբերությունների իրավական կանոնակարգման ուղղությամբ` նպատակ ունենալով ամրագրել համագործակցության ներկա մակարդակը և նշանակել տարածաշրջանային և միջազգային զարգացումներից բխող նոր գերակայություններ»,-ասվում է «Նովոստի-Արմենիային» ԼՂՀ ԱԺ-ի կողմից տրամադրված եզրակացությունում։
Փաստաթղթում նշվում է, որ անհրաժեշտ է ԼՂՀ անմիջական մասնակցությունը բանակցային գործընթացին փաստարկել որպես դրանց հնարավոր արդյունավետության նախապայման, մշակել և Ազգային ժողովի քննարկմանը ներկայացնել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության «Ազգային անվտանգության հայեցակարգը»` ելնելով կարգավորման գործընթացի առաջնահերթություններից։
«Մինչև Հայեցակարգի մշակումը և ընդունումը ստեղծել ռազմավարական վերլուծությունների և տեղեկատվության հարցերի հատուկ աշխատանքային խումբ և վերջինիս առջև դնել քարոզչության և կանխարգելիչ հակաքարոզչության կազմակերպման, համակարգման և տարածման խնդիրներ, այդ նպատակով առավելագույնս օգտագործել արտերկրում ԼՂՀ մշտական ներկայացուցչությունների, հայկական Սփյուռքի ներուժը, ինչպես նաև առավել հետևողականորեն կյանքի կոչել ԼՂՀ միջազգային ճանաչմանն ուղղված համակողմանի ջանքերը` լիարժեք ներգրավելով խորհրդարանական դիվանագիտության հնարավորությունները»,- ասվում է եզրակացությունում։
Ղարաբաղյան հակամարտությունը սկիզբ է առել 1988 թ.-ին, երբ հիմնականում հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից դուրս գալու մասին։
1991 թ. դեկտեմբերի 10-ին, Խորհրդային Միության փլուզումից մի քանի օր առաջ, Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցավ հանրաքվե, որի ժամանակ բնակչության ճնշող մեծամասնությունը՝ 99,89 տոկոսը Ադրբեջանից ամբողջովին անկախանալու կողմ քվեարկեց։
Դրանից հետո սկսվեցին լայնամասշտաբ ռազմական գործողություններ, որոնց հետևանքով Ադրբեջանը կորցրեց վերահսկողությունը Լեռնային Ղարաբաղի և նրան հարակից յոթ շրջանների նկատմամբ։
1994 թ.-ի մայիսի 12-ին՝ զինադադարի մասին համաձայնագրի ուժի մեջ մտնելուց հետո հակամարտության գոտում դադարեցին ռազմական գործողությունները։ Պատերազմի հետևանքով երկու կողմից զոհվեց մոտավորապես 25-30 հազ մարդ և մոտ մեկ միլիոնը ստիպված եղավ լքել բնակավայրերը։
Զինադադարի ռեժիմի մասին համաձայնությունը պահպանվում է մինչ այժմ։
1992 թ.-ից մինչ օրս ընթանում են բանակցություններ հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, որի համանախագահներն են ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան։-0-