Շուշիում բացվել է արվեստի տեղեկատվական կենտրոն

12.05.2008, 12:24
Շուշիում բացվել է արվեստի տեղեկատվական կենտրոն
Շուշիում բացվել է արվեստի տեղեկատվական կենտրոն

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 12 մայիսի./Նովոստի-Արմենիա/. Շուշիում բացվել է արվեստի, արհեստների և զբոսաշրջության տեղեկատվական կենտրոն։

Ինչպես հայտարարեց «Շուշիի վերածնունդ» հիմնադրամի տնօրենի օգնական Նարե Արամյանը, կենտրոնի ստեղծման նպատակն է հանրապետություն և հատկապես Շուշի այցելող զբոսաշրջիկներին Լեռնային Ղարաբաղի մասին լիարժեք տեղեկատվության տրամադրումը։

«Կենտրոնի բացումը կլրացնի այն տեղեկատվական բացը, որը գոյություն ունի Ղարաբաղ այցելող զբոսաշրջիկների մոտ»,- նշեց Արամյանը՝  ավելացնելով, որ նման կառույց գործում է աշխարհի բոլոր քաղաքակիրթ երկրներում՝ զբոսաշրջությունը զարգացնելու նպատակով։

Հիմնադրամի տնօրենի օգնականի խոսքով, Շուշի հինավուրց քաղաքը, որը հարուստ է ավանդույթներով, անհրաժեշտ է ոչ միայն վերականգնել, այլև ներդրումներ կատարել նրա հետագա զարգացման համար։ «Զբոսաշրջիկների համար կենտրոնում կկազմակերպվեն տարբեր մշակութային միջոցառումներ»,- տեղեկացրեց Արամյանը։

Իր հերթին «Շուշիի վերածնունդ» հիմնադրամի գործադիր տնօրեն Գրիգորի Հովհաննիսյանը հայտարարեց, որ հետագայում նախատեսվում է կենտրոնում ստեղծել գրքերի և փաստաթղթերի արխիվ, իսկ կենտրոնի շրջակայքը կբարեկարգվի և կվերածվի հանգստի գոտու։

Շուշին Լեռնային Ղարաբաղի մեծությամբ երկրորդ քաղաքն է, որը գտնվում է ԼՂՀ մայրաքաղաք Ստեփանակերտից 10 կմ հեռավորության վրա։ Շուշիի մասին առաջին հիշատակումները արվել են XVIII դարի սկզբին, երբ հիմնադրվել է ամրոցը։

Շուշիում են գտնվում տարբեր մշակույթներին պատկանող բացառիկ ճարտարապետական հուշարձաններ, այստեղ ծնվել և մեծացել են բազմաթիվ հայտնի ազգային և հասարակական գործիչներ։-0-