«Հրամանատար, ե՞րբ ենք գրոհելու Շուշին»․ լեգենդար Կոմանդոսը՝ Շուշիի ազատագրման մասին (ՖՈՏՈ)

08.05.2020, 13:47
«Հրամանատար, ե՞րբ ենք գրոհելու Շուշին»․ լեգենդար Կոմանդոսը՝ Շուշիի ազատագրման մասին․ ՖՈՏՈ
«Հրամանատար, ե՞րբ ենք գրոհելու Շուշին»․ լեգենդար Կոմանդոսը՝ Շուշիի ազատագրման մասին (ՖՈՏՈ)

ԵՐԵՎԱՆ, 8 մայիսի․ /Նովոստի-Արմենիա/․ Քսանութ տարի առաջ, մայիսի 8-ի գիշերը, ժամը 2.30-ին տրվեց հարձակման հրամանը, և չորս ուղղություններով սկսվեց բերդաքաղաք Շուշիի գրոհը: Այս մասին իր Facebook-յան էջում գրել է ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Շուշան Ստեփանյանը։

Նա մեջբերել է գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադևոսյանի խոսքը, ով հրամանատարել է ռազմագործողությունը։ 

«Եթե այս մարտիկները սովորական զորքերի կազմում լինեին, ես և մյուս հրամանատարները նրանց պիտի ստիպելով տանեինք գրոհի: Բայց ես այնպիսի ուժերի հրամանատար էի, որ ենթարկվում էի մարտիկների կամքին, որովհետև նրա՛նք էին պահանջում գնալ խելահեղ գրոհի, գնալ անհնար թվացող ազատագրման: Ես երբեք չեմ մոռանա Խոջալուի ազատագրման հաջորդ առավոտը, երբ երիտասարդ մարտիկը, որին բոլորս «Ճուտ» էինք կոչում, քարտեզը փռեց դիմացս ու հրամայաբար հարցրեց. «Հրամանատար, ե՞րբ ենք գրոհելու Շուշին»: Շուշին այդպես ազատագրվեց: Գործում էր Նապոլեոնի հանրահայտ դրույթը՝ բարձր մարտական ոգին եռապատկում ու քառապատկում է եղած ուժերը: Շուշիի ազատագրումը դրա դասական արտահայտությունն էր, երբ ոգու արիությունը փոխհատուցեց ուժերի ու միջոցների մեծ պակասը»,- մեջբերել է Ստեփանյանը հայտնի Կոմանդոսի պատմությունը։ 

Արկադի Տեր-Թադևոսյան

 - рис.1

Արկադի Տեր-Թադևոսյանը (Կոմանդոս) ակտիվ մասնակցություն է ունեցել արցախյան շարժման կամավորականների զինվորական մարզման գործում։ 1990 թվականին դարձել է «Սասունցի Դավիթ» կամավորական ջոկատի անդամ։

1992-ին նա նախագծել և իրականացրել է փայլուն գործողություն՝ Ղարաբաղի Շուշի քաղաքն ազատագրելու համար ՝ «Հարսանիք լեռներում» անվամբ: 1992-ի մայիսի 25-ին նրան շնորհվել է գեներալ-մայորի կոչում:

Շուշիի ազատագրում 

Խորհրդային Միության փլուզումից հետո ղարաբաղյան հակամարտությունը վերաճեց լայնամասշտաբ ռազմական գործողությունների։ Պատերազմի ընթացքում բեկումնային դարձավ մեծությամբ երկրորդ արցախյան քաղաքի, Ղարաբաղի պատմական և մշակութային կենտրոնի` Շուշիի ազատագրումը։

1992 թ.–ի մայիսին արցախյան ուժերն արդեն գրեթե ոչնչացրել էին հանրապետության ներսում ադրբեջանական կրակակետերը, Արցախը լիովին ազատագրված համարելու համար պահանջվում էր թշնամուն դուրս շպրտել Շուշիից։

Մայիսի սկզբին ինքնապաշտպանական ուժերը նախապատրաստեցին և իրականացրեցին Շուշիի ազատագրման փայլուն օպերացիան։ Քաղաքն ամբողջությամբ ազատագրվեց մայիսի 9–ին` Հաղթանակի օրը։

Օպերացիան ուներ ռազմական–ռազմավարական և հոգեբանական մեծ նշանակություն։ ԼՂՀ–ի ինքնապաշտպանական ուժերը փրկեցին Ստեփանակերտն ամենօրյա գնդակոծումներից` պայմաններ ստեղծելով դեպի Հայաստան ցամաքային ճանապարհ բացելու համար։

Մի քանի օր անց արցախյան բանակն ազատագրեց Լաչինը` ճնշելով թշնամու մոտակա կրակակետերը և վերականգնելով ուղիղ կապը Արցախի և Հայաստանի միջև։

 Ավելի ուշ մայիսի 9–ը հռչակվեց Շուշիի ազատագրման և Արցախի պաշտպանության բանակի կազմավորման օր։–0–