Հայաստանի համար ընդունելի է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափը ԼՂ հակամարտության կարգավորման մեջ. Փաշինյան

19.10.2020, 19:39
Հայաստանի համար ընդունելի է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափը ԼՂ հակամարտության կարգավորման մեջ. Թուրքիան չի կարող մասնակցել խաղաղ գործընթացներում. Փաշինյան
Հայաստանի համար ընդունելի է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափը ԼՂ հակամարտության կարգավորման մեջ. Փաշինյան

ԵՐԵՎԱՆ, 19 հոկտեմբերի./Նովոստի-Արմենիա/. Հայաստանի համար ընդունելի է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափը Ղարաբաղյան հակամարտության կարգավորման մեջ, հայտնել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում՝ պատասխանելով հարցին, թե որ երկրները կարող էին մասնակցել նման հրադադարի ապահովման առաքելությանը:

 «Ռուսաստանը հանդիսանում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ, և մեզ համար ակնհայտ է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի մյուս համանախագահները սատարում են Ռուսաստանի՝ տարածաշրջանում կայունության վերականգնմանը միտված ջանքերին: Եվ այս կամ այն երկրի մասնակցության վերաբերյալ բոլոր հարցերի մասով՝ կարծում եմ, այդ երկրներն արդեն նշված են, այն երկրները, որոնք պետք է ակտիվորեն մասնակցեն գործընթացին: Դա Ռուսաստանն է, որն այս գործընթացի ամենաակտիվ մասնակիցն է և նաև Մինսկի խմբի մյուս համանախագահ երկրները, որոնք նույնպես մասնակցում են»,- հայտնել է Փաշինյանը:

Խոսելով այն մասին , թե որը որքանով և ինչ ակտիվությամբ պետք է մասնակցի այդ գործընթացին, վարչապետն ընդգծել է, որ դա արդեն համանախագահող երկրների միջև համաձայնության գալու հարց է:

«Հայաստանը չի առարկում, որովհետև Հայաստանի համար ընդունելի է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափը»,- նշել է Փաշինյանը:

Միաժամանակ, Փաշինյանը հայտնել է, որ Թուրքիան չի կարող մասնակցել խաղաղապահ կամ խաղաղ գործընթացներում:

«Այս պահին մեր ակնհայտ դիրքորոշումն այն է, որ Թուրքիան, որը գործնականում դարձել է այս պատերազմի գլխավոր հրահրողը, ոչ մի կերպ չի կարող մասնակցել խաղաղապահ կամ խաղաղ գործընթացներում, որովհետև ակնհայտ է, որ Թուրքիան շահագրգռված չէ խաղաղության մեջ»,- նշել է Փաշինյանը:

Պատասխանելով այն հարցին, թե պատրաստ է արդյոք Հայաստանը հրադադարի վերահսկման մեխանիզմը համաձայնեցնելու նպատակով հանդիպման, որի անհրաժեշտությունը բազմիցս շեշտվել է Ռուսաստանի կողմից, վարչապետն ընդգծել է, որ նման նախաձեռնություն արդեն եղել է:

«Նման նախաձեռնություն արդեն եղել է, և Մոսկվայում նշանակված էին կոնսուլտացիաներ, որոնց ակնկալվում էր Ռուսաստանի, Հայաստանի, Ադրբեջանի ռազմական ներկայացուցիչների մասնակցությունը: Մեր ներկայացուցիչները մեկնել են Մոսկվա, կատարել են իրենց աշխատանքը: Սակայն, իմ տեղեկություններով, Ադրբեջանի ռազմական գերատեսչության ներկայացուցիչները դեռևս չեն մասնակցել այս ձևաչափին, ինչը կարող է նշանակել, որ նրանք պարզապես հրաժարվում են անել դա: Ես չեմ կարող ասել, բայց փաստն այն է, որ, իմ տեղեկություններով, մինչ օրս նրանք չեն մեկնել Մոսկվա, որպեսզի մասնակցեն այդ կոնսուլտացիաներին»,- նշել է վարչապետը: