Հակառակորդի գնդակից ՊԲ զինծառայող է զոհվել

25.04.2017, 10:32
Հակառակորդի կողմից հրադադարի ռեժիմի խախտման հետևանքով ապրիլի 24-ին ՊԲ զինծառայող է մահացել:
Հակառակորդի գնդակից ՊԲ զինծառայող է զոհվել
ԵՐԵՎԱՆ, 25 ապրիլի. /Նովոստի–Արմենիա/. Հակառակորդի կողմից հրադադարի ռեժիմի խախտման հետևանքով ապրիլի 24-ին ՊԲ զինծառայող է մահացել, հայտնում է Արցախի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը։

20–ամյա Նարեկ Հմայակի Հարությունյանը մահացու հրազենային վիրավորում է ստացել ժամը 17:50-ի սահմաններում, ՊԲ արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում։

Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:

«Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և իր զորակցությունը հայտնում զոհված զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին»,– ասվում է հաղորդման մեջ։

Ապրիլի 24-ին և լույս 25-ի գիշերը արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է ավելի քան 50 անգամ։


Ադրբեջանական զինուժը հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է 800 կրակոց, իսկ շփման գծի հարավարևելյան և արևելյան ակտիվորեն կիրառել է դիպուկահար հրացաններ (50 կրակոց):

Հակառակորդի նախահարձակ ակտիվությունը ճնշելու համար ՊԲ առաջապահ զորամասերը դիմել են պատասխան գործողությունների: -0-