Գերեվարված 62 զինծառայողների ցանկն արդեն փոխանցված է ԿԽՄԿ-ին. Վաղարշակ Հարությունյան

21.12.2020, 20:06
ՀՀ պաշտպանության նախարարը տեսակապի միջոցով պարզաբանումներ է ներկայացրել Արցախի Հին Թաղեր-Խծաբերդ հատվածում ադրբեջանական գերության մեջ հայտնված զինծառայողների ծնողներին ու հարազատներին
Գերեվարված 62 զինծառայողների ցանկն արդեն փոխանցված է ԿԽՄԿ-ին. Վաղարշակ Հարությունյան

ԵՐԵՎԱՆ, 21 դեկտեմբերի․ /Նովոստի-Արմենիա/․ Դեկտեմբերի 21-ին ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանը տեսակապի միջոցով պարզաբանումներ է ներկայացրել Արցախի Հանրապետության Հին Թաղեր-Խծաբերդ հատվածում ադրբեջանական գերության մեջ հայտնված զինծառայողների ծնողներին ու հարազատներին: Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունը։

Պաշտպանության նախարարը նշել է, որ արվում է հնարավոր ամեն ինչ՝ խնդրի արագ կարգավորման համար: Մասնավորապես, ըստ Վաղարշակ Հարությունյանի, գերեվարված 62 զինծառայողների ցանկն արդեն փոխանցված է Կարմիր Խաչի միջազգային կոմիտեին, իսկ նրանց անձնական գործերն ուղարկվել են Մարդու իրավունքների եվրոպական դատարան: Հարցը գտնվում է նաև Արցախում տեղակայված ռուս խաղաղապահ զորախմբի ղեկավարության ուշադրության կենտրոնում

Загружается новость ... "Лево"
Վաղարշակ Հարությունյանը զինծառայողների հարազատներին վստահեցրել է, որ պաշտպանության նախարարությունն անում է հնարավոր առավելագույնը՝ գերեվարված զինծառայողներին Հայրենիք վերադարձնելու համար և որ այս հարցում տարընթերցումներ չկան. ինչպես զինծառայողների հարազատների, այնպես էլ պաշտպանության նախարարության գլխավոր նպատակը մեկն է. օր առաջ ողջ և առողջ հայրենիք վերադարձնել գերության մեջ հայտնված մեր բոլոր զինծառայողներին։