Ֆրանսիայի Սենատը սկսել է Լեռնային Ղարաբաղի անկախության ճանաչման բանաձևի քննարկումը

25.11.2020, 20:09
Սենատորները նախատեսում են անդրադառնալ նաև Արցախի դեմ Ադրբեջանի ռազմական ագրեսիային և Թուրքիայի դեմ պատժամիջոցներին վերաբերող հարցերին
Ֆրանսիայի Սենատը սկսել է Լեռնային Ղարաբաղի անկախության ճանաչման բանաձևի քննարկումը

ԵՐԵՎԱՆ, 25 նոյեմբերի․ /Նովոստի-Արմենիա/․ Ֆրանսիայի Սենատը սկսել է քննարկել Լեռնային Ղարաբաղի անկախության ճանաչման բանաձևը: Սենատորները նախատեսում են անդրադառնալ նաև Արցախի դեմ Ադրբեջանի ռազմական ագրեսիային և Թուրքիայի դեմ պատժամիջոցներին վերաբերող հարցերին: 

«Այսօր մենք պատմական պահ կտեսնենք՝ Լեռնային արաբաղի ճանաչումը: Միասին մենք կդատապարտենք այս նոր ցեղասպանությունը», - հանդիպումից մի քանի ժամ առաջ Facebook-յան իր էջում գրել է Ֆրանսիայի Ազգային ժողովի պատգամավոր Վալերի Բուայեն: 

Բանաձևի նախագիծը ենթադրում է Արցախի անկախության ճանաչում, ինչը, ֆրանսիացի խորհրդարանականների կարծիքով, կապահովի տարածաշրջանում կայուն խաղաղության հաստատումը:

Загружается новость ... "Лево"
Բացի այդ, բանաձևը կոչ է անում Ֆրանսիայի կառավարությանը դատապարտել Ադրբեջանի կողմից սանձազերծված ագրեսիան Թուրքիայի հզոր աջակցությամբ և ազդել 2020 թ. Սեպտեմբերի 27-ից ռազմական գործողությունների ընթացքում ադրբեջանական զորքերի զբաղեցրած տարածքներից անհապաղ դուրսբերման վրա:

Բանաձևը նաև կոչ է անում հետաքննել Արցախում կատարված պատերազմական հանցագործությունները, ներառյալ խաղաղ բնակիչների վրա հարձակումները և արգելված զենքի օգտագործումը, ինչպես նաև պատժամիջոցներ կիրառել Թուրքիայի դեմ:

Ըստ բանաձևի նախագծի, Ֆրանսիան պետք է ակտիվորեն աշխատի ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում, որը զբաղվում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմամբ, ապահովելու համար հայ բնակչության անվտանգությունը և տեղահանված քաղաքացիների վերադարձի իրավունքները, տրամադրելով մարդասիրական օգնության բարձր մակարդակ, ինչպես նաև պահպանելու հայկական մշակութային և կրոնական ժառանգությունը:

Բանաձևի համահեղինակներից մեկը, ֆրանսիացի սենատոր Բրունո Ռետալյոն հույս է հայտնել, որ Ֆրանսիայի կառավարությունը կճանաչի Լեռնային Ղարաբաղը , և դա թույլ կտա աշխատել հատուկ հարցերի հետ:

Սենատի (Ֆրանսիայի խորհրդարանի վերին պալատ) որոշումները խորհրդատվական բնույթ են կրում, դրանք գործադիր իշխանությունը կարող է հաշվի առնել, սակայն պարտավոր չէ այն կատարել:-0-