Այս պահին շարունակվում են մարտական գործողությունները. Հովհաննիսյան (ՎԻԴԵՈ)

ԵՐԵՎԱՆ, 27 սեպտեմբերի./Նովոստի-Արմենիա/. Այս պահի դրությամբ արցախաադրբեջանական սահմանի ողջ երկայնքովըստ էության շարունակվում են մարտական գործողությունները տարբեր ինտենսիվությամբ: Այս մասին քիչ առաջ Միասնական տեղեկատվական կենտրոնում հայտնել է ՊՆ ներկայացուցիչ Արծրում Հովհաննիսյանը:
«Նորից կիզակետում շարունակում են մնալ հարավային ուղղությունը և հյուսիսային ուղղությունը: Այսօր առավոտյան արդեն նշել ենք, որ Ադրբեջանը հրետանու միջոցների, հրանետային միջոցների կիրառությամբ նոր հարձակումներ է սկսել, որոնք ՀՀ ԶՈՒ-երը հետ են մղում՝ հակառակաորդին պատճառելով զգալի կորուստներ: Մասնավորապես, րոպեներ առաջ Արցախի ՊՆ-ն հրապարակել է տեսանյութեր, տեսանյութերով հիմնավորված տեղեկություն, որ հարավային ուղղությամբ ադրբեջանական օդուժի բավականին լայնածավալ հարձակողական գործողություններ հետ են մղվել տանկային ստորաբաժանումներով. Ադրբեջանական ԶՈՒ-երը կորցրել են ևս մոտավորապես 10-11 միավոր զրահատեխնիկա, հիմնականում տանկեր: Այդ ուղղությամբ համեմատաբար հանգիստ են»,- նշել է Հովհաննիսյանը:
Նա հայտնել է, որ Հրետանու կիրառությունը բավականին մեծ էր:
«Օրվա ընթացքում հրետակոծվել են նաև հյուսիսային հատվածի հայկական բնակավայրերը: Մասնավորապես, Մարտակերտը և դրա հարակից բնակավայրերը, կրակի տակ են ընկել լրատվամիջոցների ներկայացուցիչները»,- նշել է Հովհաննիսյանը:
Սեպտեմբերի 27–ին ժամը 07։10–ին Ադրբեջանի ԶՈւ–ն լայնածավալ գործողություններ է սկսել Արցախի շփման գծի ողջ երկայնքով։ Հայաստանի և Արցախի ՊՆ–ների հաղորդմամբ, հակառակորդը սկսել է օդային և հրթիռային հարձակումներ, սակայն հետ է ամղվել մի քանի ուղղություններով։ Ադրբեջանական կողմը կրել է կենդանի ուժի կորուստներ (մոտ 200 մարդ), կորցրել է նաև տեխնիկա։ Մասնավորապես, ոչնչացվել է 33 տանկ և ԲՄՊ, 4 ուղղաթիռ, 27 ԱԹՍ, 2 ինժեներական զրահամեքենա։
Արցախի և Հայաստանի ՊՆ–ների հաղորդմամբ, հայկական կողմից զոհվել է 58 զինծառայող։ Վիրավորվել է մոտ 200 զինծառայող։
Նշենք, որ Ադրբեջանի ԶՈւ–ն գնդակոծում է նաև խաղաղ բնակավայրերը, այդ թվում` Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտը։
Արցախում և Հայաստանում հայտարարվել է ռազմական դրություն և համընդհանուր զորահավաք։–0–