Ավելի քան 60 ռուս ռազմական բժիշկ ժամանել է Արցախ ՝ օգնելու տեղի բնակիչներին

ԵՐԵՎԱՆ, 29 նոյեմբերի․ /Նովոստի-Արմենիա/․ Արևելյան ռազմական օկրուգի հատուկ նշանակության բժշկական ստորաբաժանման (ՀՆԲՍ) առաջին խումբը ժամանել է Լեռնային Ղարաբաղի մայրաքաղաք Ստեփանակերտ՝ տեղի բնակչությանը օգնություն ցուցաբերելու համար, ասվում է Ռուսաստանի ՊՆ կայքում:
ՀՆԲՍ-ի առաջին կազմում ժամանել է ավելի քան 60 բժշկական մասնագետ, ներառյալ ռազմական վիրաբույժներ, անեսթեզիոլոգ-վերակենդանացման մասնագետներ, թերապևտներ և համաճարակաբաններ: Մասնագիտացված բուժկետում կտեղադրվեն բոլոր անհրաժեշտ սարքավորումները՝ որակյալ բժշկական օգնություն ցուցաբերելու համար:
Նշվում է, որ ՀՆԲՍ ստորաբաժանումները 300 կիլոմետր ճանապարհ են անցել տրանսպորտային միջոցներով՝ Երևանից Ստեփանակերտ ավտոշարասյան կազմում: Ավելի վաղ ռազմական բժիշկները Խաբարովսկ քաղաքի օդանավակայաններից դեպի Երևան էին տեղափոխվել Իլ-76 ռազմական տրանսպորտային ինքնաթիռներով:
Շարասյան շարժումն ուղեկցվել է Ռուսաստանի խաղաղապահ զորակազմի և ռազմական ոստիկանության պարեկների կողմից:-0-