ԵՐԵՎԱՆ, 25 նոյեմբերի./Նովոստի-Արմենիա/. Արցախի ԱԳՆ հայտարարությամբ է հանդես եկել Ֆրանսիայի Սենատում Արցախի Հանրապետության ճանաչման մասին բանաձևի ընդունման կապակցությամբ:
Загружается новость ... "Лево"
«Ողջունում ենք Ֆրանսիայի խորհրդարանի Վերին պալատի՝ Սենատի կողմից այսօր՝ նոյեմբերի 25-ին Արցախի Հանրապետությունը ճանաչելու անհրաժեշտության մասին ընդունված բանաձևը։ Խորին երախտագիտություն ենք հայտնում սենատորներին և բոլոր անձանց ու կազմակերպություններին, որոնց ջանքերի շնորհիվ այս պատմական որոշման ընդունումը հնարավոր դարձավ»,- նշվում է գերատեսչության տարածած հաղորդագրության մեջ:
ԱԳՆ-ում հատկանշական են անվանել, որ, ի թիվս այլ կարևոր կետերի, ընդունված բանաձևով Սենատը դատապարտում է Արցախի դեմ սեպտեմբերի 27-ին սանձազերծված ադրբեջանա-թուրքական ռազմական ագրեսիան՝ ահաբեկիչ վարձկանների մասնակցությամբ, և կոչ է անում Ֆրանսիայի իշխանություններին գործադրել հնարավոր բոլոր միջոցները՝ ապահովելու 1994 թ. հաստատված սահմանների վերականգնումը, որոնք, ըստ էության, ամրագրվել են Արցախի Հանրապետության, Հայաստանի և Ադրբեջանի կողմից ստորագրված հրադադարի մասին եռակողմ անժամկետ համաձայնագրով։
«Կարևորում ենք Ֆրանսիայի Սենատի համարձակ դիրքորոշումը՝ կոչ անելու կառավարությանը «ճանաչել Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը և այդ ճանաչումը դարձնել տևական խաղաղության հաստատմանն ուղղված բանակցությունների առարկա»։ Հուսով ենք, որ Սենատի սույն որոշումը կներշնչի նույն բնույթի և նույն հզորության բանաձևերի ընդունմանը, նախ՝ Ֆրանսիայի Ազգային ժողովում, ինչպես նաև աշխարհի այլ երկրներում»,- նշում են ԱԳՆ-ից:
ԱԳՆ-ն մեկ անգամ ևս հայտարարում է, որ Արցախի դեմ զինված ագրեսիայից, նրա տարածքների զգալի մասի ռազմական օկուպացիայից և կարգավիճակի հարցը քննարկելու Ադրբեջանի հրապարակային հրաժարումից հետո վերանում է այլ պետությունների կողմից Արցախի Հանրապետության անկախության ճանաչմանը խոչընդոտող ցանկացած հանգամանք, որը մեծապես պայմանավորված էր ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանը խանգարելու մտավախությամբ։
«Համոզված ենք, որ Արցախի Հանրապետության միջազգային ճանաչման գործընթացը նաև համապատասխանում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների, այդ թվում՝ Ռուսաստանի Դաշնության միջնաժամկետ և երկարաժամկետ շահերին»,- նշվում է գերատեսչության հաղորդագրության մեջ։
ԱԳՆ-ից հայտնում են, որ Արցախի Հանրապետության անկախության միջազգային ճանաչումը բխում է արդարության և ժողովուրդների հավասարության սկզբունքներից և կարևոր ներդրում կունենա Հարավային Կովկասում ավելի ամուր անվտանգության, կայունության և կանխատեսելիության ապահովման գործում:
Ֆրանսիայի Սենատը չորեքշաբթի նիստի ժամանակ ճնշող մեծամասնությամբ ընդունել է Լեռնային Ղարաբաղի (Արցախի) ճանաչմանն ուղղված բանաձև: Փաստաթուղթն ընդունվել է 305 «կողմ» և 1 «դեմ» ձայներով:-0-