Արցախա-ադրբեջանական սահմանին մեկ շաբաթում հրադադարը խախտվել է ավելի քան 500 անգամ, արձակվել է 6000 կրակոց. ՊԲ

ԵՐԵՎԱՆ, 18 հուլիսի./Նովոստի-Արմենիա/. Հայ-ադրբեջանական պետական սահմանի հյուսիսարևելյան հատվածում հուլիսի 12-ից ադրբեջանական կողմի ձեռնարկած ագրեսիայով պայմանավորված` արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում, հուլիսի 12-ից 18-ն ընկած ժամանակահատվածում նկատվել է հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմի խախտումների աճ: Այս մասին հայտնում է Արցախի ՊՆ մամուլի ծառայությունը:
«Նշված ժամանակահատվածում հակառակորդը խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը ավելի քան 500 անգամ` հայկական դիրքերի ուղղությամբ արձակելով շուրջ 6000 կրակոց»,- նշվում է հաղորդագրության մեջ:
Բացի վերոնշյալ խախտումներից, հուլիսի 18-ին` ժամը 06:38-ի սահմաններում, ՊԲ ՀՕՊ ստորաբաժանումները հյուսիս-արևելյան ուղղությամբ խոցել են հետախուզական թռիչք իրականացնող հակառակորդի ‹‹ORBITER-3›› տիպի անօդաչու թռչող սարք:
«ՊԲ-ի առաջապահ ստորաբաժանումները շարունակում են լիակատար վերահսկողության տակ պահել իրադրությունն առաջնագծում և վստահորեն իրականացնում հանրապետության օդային և ցամաքային սահմանների պաշտպանություն»,- նշվում է գերատեսչության հաղորդագրության մեջ: -0-