ԵՐԵՎԱՆ, 13 դեկտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը կարծում է, որ ներկայում բարենպաստ պայմաններ են ստեղծվել հայ–ադրբեջանական ղարաբաղյան հակամարտության կարգավորման համար, հայտնում է
«Ինտերֆաքս–Ադրբեջանը»։
«Կարծում եմ` այսօր առավել բարենապաստ իրավիճակ է ստեղծվել հայ–ադրբեջանական հակամարտության կարգավորման համար։ Կան բազմաթիվ գործոններ, որոնք հիմք են տալիս այդպես կարծելու»,– ընդգծել է Ալիևը 2018 թվականի մարզական արդյունքներին նվիրված արարողության ժամանակ։
Նախևառաջ, ըստ նրա, դա Ադրբեջանի աճող զորությունն է, ներուժը, տնտեսական, ռազմական և քաղաքական ուժը և երկրի ամրապնդվող միջազգային դիրքերը։
«Մենք կշարունակենք մեր հետևողական քաղաքականությունն այդ ուղղությամբ»,– ասել է հարևան երկրի նախագահը։
Ղարաբաղյան հակամարտությունը սկիզբ է առել 1988 թ.-ին, երբ հիմնականում հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից դուրս գալու մասին։
Загружается новость ... "Лево"
1991 թ. դեկտեմբերի 10-ին, Խորհրդային Միության փլուզումից մի քանի օր առաջ, Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցավ հանրաքվե, որի ժամանակ բնակչության ճնշող մեծամասնությունը՝ 99,89 տոկոսը Ադրբեջանից ամբողջովին անկախանալու կողմ քվեարկեց։
Դրանից հետո սկսվեցին լայնամասշտաբ ռազմական գործողություններ, որոնց հետևանքով Ադրբեջանը կորցրեց վերահսկողությունը Լեռնային Ղարաբաղի և նրան հարակից յոթ շրջանների նկատմամբ։ 1994 թ.-ի մայիսի 12-ին՝ զինադադարի մասին համաձայնագրի ուժի մեջ մտնելուց հետո հակամարտության գոտում դադարեցին ռազմական գործողությունները։
Պատերազմի հետևանքով երկու կողմից զոհվեց մոտավորապես 25-30 հազ մարդ և մոտ մեկ միլիոնը ստիպված եղավ լքել բնակավայրերը։ Զինադադարի ռեժիմի մասին համաձայնությունը պահպանվում է մինչ այժմ։ 1992 թ.-ից մինչ օրս ընթանում են բանակցություններ` հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ` ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում, որի համանախագահներն են ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան։-0-