416.92
4.78
387.22
+19
Եղանակը Երևանում
Հայ

Վարչապետը հայտարարություն է տարածել` արձագանքելով Արցախի մասին իր ելույթի շուրջ ստեղծված իրավիճակին

12:34
27 Դեկտեմբերի 2021

ԵՐԵՎԱՆ, 27 դեկտեմբերի./Նովոստի–Արմենիա/. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր կրկին հայտարարություն է տարածել` արձագանքելով Արցախի մասին իր ելույթի շուրջ ստեղծված իրարանցմանը։

Փաշինյանի աղմկահարույց հայտարարությունը

Դեկտեմբերի 24-ին առցանց ասուլիսի ժամանակ Փաշինյանը հայտարարել է, որ բանակցային ողջ գործընթացի ընթացքում «երբեք, ոչ մի անգամ ոչ մի իշխանության և ոչ մի բանակցողի կողմից երբեք չի վիճարկվել Լեռնային Ղարաբաղում ապրած ադրբեջանցիների իրավունքների հարցը»:

«Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզը երբեք ոչ մի անգամ բանակցային գործընթացում չի դիտարկվել որպես զուտ և միայն հայկական միավորում, բանակցային սկզբունքներում արձանագրված է, որ ԼՂԻՄ-ում ապրել են նաև ադրբեջանցիներ, և նրանց իրավունքների պաշտպանությունը եղել է բանակցային թեմայի մեջ: բանակցային բովանդակության մեջ, որում խոսվում էր ԼՂ-ի վերջնական կարգավիճակի ճշգրտման համար նախատեսվող հանրաքվեի մասին, խոսք էր գնում ԼՂ ողջ բնակչության մասին, ինչը նշանակում է ոչ միայն հայկական, այլ նաև ադրբեջանական բնակչություն», - նշել է ՀՀ վարչապետը:

«Երբ Սերժ Սարգսյանը նախկինում ասում էր՝ Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում, հիմա չի ասում, որ իր բանակցություններն էն մասին էր, որ Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում, այլ որ Արցախը պետք է հայկական մնար։ Ասեմ ավելին՝ դրա հետ էլ համաձայն չեմ, որովհետև Արցախը չէր կարող ամբողջությամբ հայկական լիներ: Ի՞նչ նկատի ունենք՝ հայկական։ Այդ բանակցություններից ակնհայտ էր, որ Արցախը՝ ԼՂԻՄ-ը, ունենալու էր թե՛ հայկական, թե՛ ադրբեջանական բնակչություն, ԼՂ-ում արդյո՞ք լինելու էր օրենսդիր իշխանություն՝ այո, լինելու էր, բայց այն ամբողջությամբ հայկական չէր լինելու, լինելու էր ադրբեջանական քվոտա ու հայկական քվոտա։ Լինելու՞ էին ՏԻՄ-եր՝ այո, բայց դրանք ոչ միայն հայկական, այլև ադրբեջանական էին լինելու», - ասել է Փաշինյանը: 

Արցախի նախագահի և արտգործնախարարի արձագանքը

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանն, անդրադառնալով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի վերջին հայտարարություններին ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ և դրանց առթիվ մտահոգություններին հատկապես արցախահայության շրջանում՝ մի քանի հիմնական դրույթ է շեշտադրել։

«Արցախը հազարամյակներ շարունակ եղել է հայկական ու մնալու է հայկական, և արցախահայությունն ունի բավարար կամք ու ռազմավարական համբերություն այդ պայքարը շարունակելու: Անկախ որևէ մեկի կամքից ու կարծիքից, վստահ եմ, արցախահայությունը շարունակելու է իր արդար պայքարը հանուն Արցախի անկախության միջազգային ճանաչման և Հայրենիքի պաշտպանության» ,- նշել է Հարությունյանը:

Արցախի ԱԳ նախարար Դավիթ Բաբայանն իր հերթին նշել է, որ Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում, երբեք չի հրաժարվի իր պատմական տարածքներից, որոնք ներկայումս օկուպացված են Ադրբեջանի կողմից։ 

Загружается новость ... "Лево"

Փաշինյանի հայտարարությունը 

ՀՀ վարչապետն այսօր առավոտյան կրկին անդրադարձել է ստեղծված իրավիճակին։ 

Ներկայացնում ենք նրա Facebook–յան գրառումը. 

«Դեկտեմբերի 24-ի իմ հարցազրույցին հետեւած քննարկումները՝ ԼՂ հարցի կարգավորման բանակցային գործընթացի մասին, բացահայտեցին մի շարք կեղծիքներ, որոնց արձանագրումը չափազանց կարեւոր է. 

1. Լեռնային Ղարաբաղի Ինքնավար մարզի ադրբեջանական բնակչության մասնակցությունը Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակի որոշմանը՝ արդեն որպես ժամանակակից Լեռնային Ղարաբաղի բնակչության մաս՝ արձանագրված է Մադրիդյան սկզբունքներում, որոնք հայկական կողմը դեռեւս 2007 թվականից ընդունել է որպես բանակցությունների հիմք: Բարեբախտաբար, թե դժբախտաբար չենք կարող ասել, թե Հայաստանի կամ Արցախի որեւէ քաղաքական գործիչ դրանից տեղյակ չի եղել, որովհետեւ Մադրիդյան սկզբունքները շատ վաղուց, դեռ իմ վարչապետ դառնալուց առաջ հրապարակված են համացանցում: Այստեղից հարց է ծագում, ինչու՞ երբեմնի բարձրաստիճան պաշտոնյաները չեն ընդվզել սրա դեմ: 

2. Հիշում եք, որ նոյեմբերի 9-ից հետո թեմա ծագեց, թե եղել է հնարավորություն 44-օրյա պատերազմը կանգնեցնել ԼՂԻՄ-ի ժամանակ Շուշիում բնակված ադրբեջանցիների եւ/կամ նրանց ընտանիքի անդամների՝ Շուշի վերադառնալու իրավունքը երաշխավորելու դիմաց: Այսօրվա նույն շրջանակները 2020-ի աշնանը ասում էին, թե այդպիսով Շուշին հայկական պահելու շանս է եղել եւ ես չեմ գնացել դրան, ինչին հակադարձեցի, թե ԼՂԻՄ-ում Շուշիի բնակչության 90 տոկոսը ադրբեջանցի է եղել, ո՞նց եք պատկերացնում 90 տոկոսով ադրբեջանցի բնակչությամբ հայկական բնակավայր: Էդ ժամանակ էլ ինձ մեղադրեցին, թե ասում եմ, թե Շուշին հայկական չէ: Հիմա այդ նույն մարդիկ ինչու՞ են նեղսրտած, երբ խոսվում է մինչեւ իմ վարչապետ դառնալը գոյություն ունեցած բանակցային բովանդակության մասին: 2020-ի աշնանը նրանք կողմ էին Շուշիում ապրած ադրբեջանցիների վերադարձին, հիմա դե՞մ: 2007-ին կողմ էին հիմա դե՞մ: 

3. Հիմա էլ անընդհատ կրկնում են, որ միայն Արցախի ժողովրդի կողմից ընտրված իշխանությունը կարող է բանակցային գործընթացում ներկայացնել Արցախի ժողովրդին: Ո՞վ է վիճում: Սա իմ կարեւորագույն թեզերից մեկն է՝ 2018-ից ի վեր: Այլ հարց է ծագում. այդ նույն մարդիկ ինչու ծպտուն չէին հանում, երբ 1998 թվականին Ռ. Քոչարյանի ձեռամբ Արցախը հեռացվում էր բանակցային գործընթացից: Բայց հիմա էլ հանկարծ չմտածեք, թե նրանք ուզում են Արցախը բանակցային սեղան վերադարձնել, նրանք ուզում են Հայաստանը հեռացնել բանակցային սեղանից: Հազիվ առիթ է, մի գաղտնիք բացեմ: Սերժ Սարգսյանը եւ ՀՀԿ-ն ինձ մեղադրում են, թե ես վարչապետ դառնալուց հետո միջնորդներից պահանջել եմ ԼՂ-ի վերադարձ բանակցային սեղանի շուրջ, ինչով իբր վատացրել եմ մեր բանակցային վիճակը: Սերժ Սարգսյանը ինքն էլ 2016 թվականին միջնորդներից պահանջել է անմիջապես ԼՂ-ին ներգրավել բանակցային գործընթացի մեջ: Դրանո՞վ է վատացրել մեր բանակցային դիրքերը: Ի դեպ, այդ նույն ժամանակ Սերժ Սարգսյանը փորձել է հիմնավորել, որ Արցախի ապագա կարգավիճակի որոշման հարցին ԼՂԻՄ-ում ապրած ադրբեջանցիները պետք է մասնակցեն այն նույն համամասնությամբ, ինչ համամասնությամբ ապրել են 1988 թվականին ԼՂԻՄ-ում: Ինչու՞ է սա արել, որովհետեւ հասկացել է, որ բանակցային բովանդակության տրամաբանությամբ այդ ենթադրվող հանրաքվեի պահին, որը կարող է տեղի ունենալ 100 տարի անց, ադրբեջանցիները ԼՂ-ում կարող են մեծամասնություն լինել: Իսկ կարողացե՞լ է լուծել այս խնդիրը: Իհարկե ոչ եւ այս է պատճառը, որ 2018-ի ապրիլին բարձրաձայնել է բանակցային գործընթացի անհույս վիճակի, կանգնած լինելու եւ վերահաս պատերազմի մասին: 

4. Մեր իրականության մեջ հայտնի շրջանակների պրոպագանդան մի թյուրիմացություն է ներարկել, թե «ԼՂ վերջնական կարգավիճակ», «ինքնորոշում» տերմինները անպայմանորեն նշանակում է ԼՂ անկախություն: Սա իհարկե այդպես չէ, որովհետեւ ինքնավար մարզն էլ է կարգավիճակ, շրջանն էլ է կարգավիճակ, անկախությունն էլ է կարգավիճակ: Իմ ժառանգած բանակցային բովանդակությունը հստակեցնու՞մ է այս հարցերը, հստակեցնու՞մ է, թե կարգավիճակ ասելով ինչ է նկատի առնվում: Իհարկե ոչ: Հայկական կողմը միշտ հպարտացել է այն դրույթով, թե ԼՂ կարգավիճակի ճշգրտման պոտենցիալ հանրաքվեի դրվող հարցը կամ հարցերը չպիտի ունենան ձեւակերպման որեւէ սահմանափակում եւ կարող են ենթադրել ցանկացած կարգավիճակ: Ցանկացած կարգավիճակ, այո, կարող է նշանակել անկախություն, բայց ցանկացած կարգավիճակ կարող է նշանակել նաեւ մարզ՝ Ադրբեջանի կազմում: Եթե սրան գումարենք այն, որ բանակցային բովանդակությունը չի կոնկրետացնում, թե հանրաքվեն ո՞ր տարածքում պետք է տեղի ունենա, չի կոնկրետացնում, թե ո՞վ պետք է ձեւակերպի հանրաքվեի դրվող հարցը, ստացվում է, որ ըստ իմ ժառանգած բանակցային բովանդակության, հանրաքվեի կարող էր դրվել նաեւ հետեւյալ հարցը՝ համաձա՞յն եք, որ ԼՂ-ն լինի ինքնավար մարզ Ադրբեջանի կազմում: Բանակցային բովանդակությունը չի պարզաբանում նաեւ, թե եթե մարդիկ քվեարկում են «ոչ», ի՞նչ է դա նշանակում. անկախությու՞ն, թե 0 կարգավիճակ: 

Ի դեպ, քննարկումների ծիրում կա նաեւ մի շատ լեգիտիմ հարց: Ի՞նչ նպատակ ունի հիմա խոսել բանակցային բովանդակության մեջ ԼՂ ադրբեջանական բնակչությանը վերաբերող դրույթների մասին: Նպատակը մեկն է՝ պաշտպանել 44-օրյա պատերազմի արդյունքում տեղահանված արցախցիների՝ Արցախում հայկական իրավազորության ներքո բնակվելու իրավունքը: Բայց սա բանակցային մարտավարության հարց է եւ հետագա քննարկումների խնդիր:–0–



Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
13:01
31 Մայիսի 2023
«Ժողովրդավարության բացակայությունը ծառայել է որպես գործիք, որ մենք բոլորս չիմանանք ողջ ճշմարտությունը ԼՂ հարցի մասին». Փաշինյան
Փաշինյանը հայտարարել է, որ դա է պատճառը, որ մենք հիմա ԼՂ հարցի մասին ժողովրդավարության պայմաններում է, որ նոր տեղեկություններ ենք իմանում, նոր ենթատեքստեր ենք վեր հանում
12:07
31 Մայիսի 2023
Ողջունում ենք Ադրբեջանի նախագահի վերջին հայտարարությունը Լեռնային Ղարաբաղում «համաներման» մասին. ԱՄՆ Պետդեպ
ԱՄՆ Պետդեպարտամենտից հայտարարել են, որ ողջունում են Ադրբեջանի նախագահի վերջին հայտարարությունը Լեռնային Ղարաբաղում «համաներման» մասին
23:38
30 Մայիսի 2023
Արցախում խիստ հիասթափված են, որ ԵՄ-ում Արցախի ժողովրդին դիմում են «նախկին ԼՂԻՄ-ում բնակվող հայեր» եզրույթով
Արցախում հիասթափված են, որ ԵՄ-ում Արցախի ժողովրդին դիմում են «նախկին ԼՂԻՄ-ում բնակվող հայեր» եզրույթով
23:13
30 Մայիսի 2023
Հրապարակվել է Ադրբեջանի ականանետային կրակի տեսանյութը (ՎԻԴԵՈ)
Արցախի պաշտպանության բանակը հրապարակել է ադրբեջանական բանակի ականանետային կրակի տեսանյութը. ՎԻԴԵՈ
13:29
30 Մայիսի 2023
Ադրբեջանն Արցախում կրակ է բացել` կիրառելով ականանետ
Ադրբեջանն Արցախում ականանետ է կիրառել
10:56
29 Մայիսի 2023
Վերջնակետը հատված է ՝ կա՛մ դու կանգնում ես ի պաշտպանություն Արցախի, կա՛մ դու ողջ հայ ժողովրդի դեմ ես. Ռուբեն Վարդանյան (ՎԻԴԵՈ)
Ռուբեն Վարդանյանը հայտարարություն է տարածել ստեղծված իրավիճակի կապակցությամբ. ՎԻԴԵՈ
18:40
26 Մայիսի 2023
Վերականգնվել է ԿԽՄԿ-ի կողմից բուժառուների տեղափոխումն Արցախից ՀՀ բժշկական կենտրոններ
Վերականգնվել է ԿԽՄԿ-ի կողմից բուժառուների տեղափոխումն Արցախից ՀՀ բժշկական կենտրոններ
14:46
25 Մայիսի 2023
ԱՄՆ Արիզոնա Նահանգի Ներկայացուցիչների պալատը ճանաչել է Արցախի Հանրապետության ինքնորոշման իրավունքը
ԱՄՆ Արիզոնա Նահանգի Ներկայացուցիչների պալատը ճանաչել է Արցախի Հանրապետության ինքնորոշման իրավունքը
12:09
24 Մայիսի 2023
Դադարեցնում եմ արտահերթ նախագահական և խորհրդարանական ընտրություններ կազմակերպելու շուրջ բոլոր տեսակի քննարկումները. ԱՀ նախագահն ուղերձ է հղել (ՎԻԴԵՈ)
Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը նախօրեին երեկոյան ուղերձ է հղել՝ հրատապ արտաքին ու ներքին մարտահրավերների վերաբերյալ. ՎԻԴԵՈ
14:02
23 Մայիսի 2023
Դուք միայն նո՞ր հասկացաք, թե ինչ է կատարվում. Ռոբերտ Քոչարյանը պատասխանել է արցախցիներին
Դուք միայն նո՞ր հասկացաք, թե ինչ է կատարվում. Ռոբերտ Քոչարյանը պատասխանել է արցախցիներին
00:43
23 Մայիսի 2023
Ոչ ոք բարոյական իրավունք չունի որոշելու մեր ու մեր զավակների ապագան. Արցախի նախկին նախագահները մեկնաբանել են Փաշինյանի հայտարարությունը
Ոչ ոք բարոյական իրավունք չունի որոշելու մեր ու մեր զավակների ապագան. Արցախի նախկին նախագահները մեկնաբանել են Փաշինյանի հայտարարությունը