Սոցցանցերում գրում են Քաշաթաղի մարտական դիրքերում փոխհրաձգության և Մարտունու հատվածում հարձակման մասին․ՊԲ-ն մեկնաբանում է

ԵՐԵՎԱՆ, 26 հուլիսի․/Նովոստի-Արմենիա/․ Սոցիալական ցանցերում տարածվող լուրերն առ այն, թե իբր Քաշաթաղում տեղակայված մարտական դիրքերում տեղի է ունենում փոխհրաձգություն հայ և ադրբեջանցի զինծառայողների միջև, ինչպես նաև Մարտունու հատվածում ադրբեջանական ստորաբաժանումների կողմից հայկական դիրքերի հարձակման ենթարկվելու մասին տեղեկատվությունն իրականությանը չեն համապատասխանում, հաղորդում է Արցախի ՊԲ-ն:
«Ինչպես վերոնշյալ, այնպես էլ արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի մյուս հատվածներում շարունակում է պահպանվել հարաբերական կայուն իրադրություն», - նշվում է գերատեսչության հաղորդագրության մեջ:
ՊՆ–ի վերջին տվյալներով, հուլիսի 26-ին, ժամը 03:30-ի սահմաններում, ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումները, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի Գեղարքունիքի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ։ Նույն օրը, ժամը 11։30-ից սկսած, հակառակորդը «հրադադարը խախտել է Երասխի ուղղությամբ, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ բացելով հայկական դիրքերի ուղղությամբ»:-0-