ՌԴ-ն հայտարարություն է պատրաստում Լաչինի միջանցքի փակելու հետ կապված. Սիմոնյան

14.12.2022, 16:37
Ալեն Սիմոնյանի խոսքով, ՌԴ-ն հայտարարություն է պատրաստում Լաչինի միջանցքի փակելու հետ կապված
ՌԴ-ն հայտարարություն է պատրաստում Լաչինի միջանցքի փակելու հետ կապված. Սիմոնյան
ԵՐԵՎԱՆ, 14 դեկտեմբերի./Նովոստի-Արմենիա/. Այս պահի դրությամբ ԱՄՆ-ն, Ֆրանսիան և Եվրամիությունն արդեն իսկ հասցեական հայտարարություն են արել Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի փակելու հետ կապված:

Այս մասին հայտարարեց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն այսօր ԱԺ-ում:

«Մեր ունեցած տեղեկություններով՝ նաև Ռուսաստանի Դաշնությունն է պատրաստվում նմանատիպ հայտարարություն անել, որին հայ ժողովուրդը իր դաշնակից երկրից վաղուց է սպասում: Հուսանք՝ այս անգամ մեր գործընկերները հուսախաբ չեն անի»,- ասաց Սիմոնյանը:

Հիշեցնենք, որ ադրբեջանական հերթական սադրանքի հետևանքով Արցախի Հանրապետությունը հայտնվել է շրջափակման մեջ է և ոտնահարված են հազարավոր քաղաքացիների իրավունքները։ Դեկտեմբերի 12-ին ժամը 10։30-ի սահմաններում, ադրբեջանական կողմը խախտելով 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ համաձայնագրի դրույթները, իբր բնապահպանական պատճառաբանություններով փակել է Արցախն աշխարհին կապող կյանքի միակ ճանապարհը: Հարյուրավոր քաղաքացիներ, այդ թվում`անչափահասներ, չեն կարողանում տուն վերադառնալ: Ընդհատված է Շուշիի շրջանի Լիսագոր, Մեծ շեն, Հին շեն և Եղցահող գյուղերի տրանսպորտային կապը մայրաքաղաք Ստեփանակերտի հետ։ Ադրբեջանը դեկտեմբերի 13-ից դադարեցրել է նաև Արցախի գազամատակարարումը:-0-