Պուտինը կոչ է արել միջազգային հանրությանն օգնել Արցախին

ԵՐԵՎԱՆ, 27 հունվարի./Նովոստի–Արմենիա/. Միջազգային հանրությունը պետք է հումանիտար աջակցություն ցուցաբերի Լեռնային Ղարաբաղին։
Այս մասին այսօր հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Դավոսյան շաբաթվա շրջանակում կազմակեպված առցանց ելույթի ժամանակ, գրում է «Իզվեստիան»։
Նրա խոսքով, հակամարտության կարգավորմանը մասնակցող երկրների և միջազգային հանրության առաջ կանգնած է խնդիր` օգնել տուժած շրջաններին փախստականների վերադարձի հարցում, վերականգնել ենթակառուցվածքները, պաշտպանել հուշարձանները։
Ինչպես նշել է Պուտինը, Ռուսաստանը ձեռնարկել է ակտիվ միջնորդային ջանքեր` Ղարաբաղում զինված հակամարտությունը դադարեցնելու համար։
«Մենք ձգտել ենք հետևել ԵԱՀԿ ՄԽ–ում, մասնավորապես, դրա համանախագահների` Ռուսաստանի, ԱՄՆ–ի և Ֆրանսիայի միջև ձեռք բերված պայմանավորվածություններին։ Դա դարձավ համագործակցության լավ օրինակ», – նշել է ՌԴ նախագահը։
Պուտինն ուշադրություն է դարձրել այն հանգամանքին, որ բազմակողմ մոտեցումները, ինչպիսիք են Հակամարտությունների կարգավորման Աստանայի ձևաչափը, աշխատում են։
«Հիշեցնեմ, որ օրինակ, Աստանայի ձևաչափի շրջանակում Ռուսաստանը, Իրանը, Թուրքիան շատ բան են արել Սիրիայում իրավիճակի կայունացման համար», – նշել է ՌԴ նախագահը։–0–