Պուտինը հույս է հայտնել Էրդողանին, որ Թուրքիան կառուցողական ներդրում կկատարի ղարաբաղյան հակամարտության լարվածության թուլացման գործում

14.10.2020, 21:07
Էրդողանը զանգել է Պուտինին
Պուտինը հույս է հայտնել Էրդողանին, որ Թուրքիան կառուցողական ներդրում կկատարի ղարաբաղյան հակամարտության լարվածության թուլացման գործում
ԵՐԵՎԱՆ, 14 հոկտեմբերի./Նովոստի–Արմենիա/. Թուրքական կողմի նախաձեռնությամբ տեղի է ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիպ Էրդողանի հեռախոսազրույցը։

Ինչպես նշվում է Կրեմլի պաշտոնական կայքում, մանրամասն քննարկվել է իրավիճակը ղարաբաղյան հակամարտության գոտում։ Երկու կողմերը հաստատել են հումանիտար հրադադարի պահպանման կարևորությունը, որի մասին պայմանավորվածությունը ձեռք է բերվել հոկտեմբերի 10–ին Մոսկվայում։

Պուտինն ու Էրդողանը կողմ են հանդես եկել քաղաքական գործընթացի ակտիվացմանը, մասնավորապես, ԵԱՀԿ Մինսկի խմբի մշակումների հիման վրա։

ՌԴ նախագահը լուրջ մտահոգություն է հայտնել ռազմական գործողություններում մերձարևելյան տարածաշրջանի գրոհայինների մասնակցության կապակցությամբ։ Ընդգծվել է միահամուռ ջանքերի անհետաձգելի անհրաժեշտությունը` արյունահեղությունը շուտափույթ դադարեցնելու և ղարաբաղյան խնդրի խաղաղ կարգավորմանն անցնելու համար։ ՌԴ նախագահը հույս է հայտնել, որ Թուրքիան, որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ, կներդնի իր կառուցողական ավանդը հակամարտության լարվածությունը թուլացնելու գործում։–0–