Մերկել. ղարաբաղյան հակամարտության երկու կողմերը պետք է պատրաստ լինեն խոսքից անցնել գործի

ԵՐԵՎԱՆ, 1 փետրվարի. /Նովոստի–Արմենիա/. Ղարաբաղյան հակամարտության երկու կողմերը պետք է պատրաստ լինեն խոսքից անցնել գործի, ուրբաթ հայտարարել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ։
«Առջևում դեռ երկար ճանապարհ է, որը պետք է հաղթահարել։ Չի կարող լինել այնպես, որ բավարարվի կողմերից միայն մեկը։ Իհարկե, պետք է օգտագործվեն ԵԱՀԿ Մինսկի խմբի հնարավորությունները», – ասել է Մերկելը։
Նա նաև կարևորել է այն փաստը, որ ՀՀ վարչապետը խոսում է զիջումների մասին բանակցային գործընթացում։
Փաշինյանն իր հերթին նշել է, որ գործընթացը պետք է լինի երկկողմ և չի կարող ընթանալ միակողմ տրամաբանությամբ։
«Մի քանի ամիս առաջ ՀՀ ԱԺ–ում ես հայտարարեցի, որ ղարաբաղյան հակամարտության կարգավորման ցանկացած տարբերակ պետք է ընդունելի լինի Հայաստանի, Արցախի և Ադրբեջանի ժողովուրդների համար։ Ես հույս ունեի, որ այս հայտարարությանը կհետևի ադրբեջանական կողմի նմանատիպ հայտարարությունը, սակայն, ցավոք, այդ երկրի ոչ մի պաշտոնատար անձ անգամ կես խոսք չասաց այն մասին, որ որոշումը պետք է ընդունելի լինի Հայաստանի և Արցախի ժողովուրդների համար», – հայտարարել է ՀՀ վարչապետը։
Փաշինյանի խոսքով, միայն այս հայտարարության պատմությունը հստակ արտացոլում է բանակցային գործընթացում ստեղծված իրավիճակը։–0–