«Հայ ժողովուրդն անպարտելի է». Ռուբեն Վարդանյանն Արցախում է (ՎԻԴԵՈ)
ԵՐԵՎԱՆ, 29 սեպտեմբերի./Նովոստի–Արմենիա/. «Տրոյկա դիալոգ» ներդրումային ընկերության ստեղծող և Մոսկվայի «Սկոլկովո» կառավարման դպրոցի հիմնադիր Ռուբեն Վարդանյանն Արցախում է։
«Այսօր սեպտեմբերի 28–ն է։ Երջանիկ եմ, որ երեկ եղել եմ Ստեփանակերտում, Արցախում։ Տեսել եմ այն, ինչ հերթական անգամ վստահեցնում է, որ մեր ժողովրդին հնարավոր չէ հաղթել։ Մենք ուժեղ ենք ոգով, սեփական հողի, Հայրենիքի հանդեպ տածած սիրով։ Խոնարհվում եմ բոլոր այն մարդկանց առաջ, ովքեր զենքը ձեռքներին պաշտպանել են մեր Հայրենիքը` պարզապես գիտակցելով, որ դա մի հողակտոր է, որը համայն հայության խորհրդանիշն է։ Մենք բոլորս պետք է հասկանանք, պետք է միայն համախմբվենք, բոլորս միասին կարող ենք դիմակայել թշնամուն և բացատրել մեր հարևաններին, որ մեզ հետ կարելի է միայն պայմանավորվել, մեզ հետ պատերազմելն անօգուտ է», – ասել է Վարդանյանը։
Նա կոչ է արել անել հնարավոր ամեն ինչ, որպեսզի այդ հողի վրա լինի խաղաղություն։ Հենց այն դիրքորոշմամբ, որ անհնար է հաղթել հայ ժողովրդին։
«Ես դրանում խորապես համոզված եմ։ Բայց դրա համար կարևոր է, որպեսզի մենք միշտ լինենք միասին, ցույց տանք մեր միասնությունը, մեր համերաշխությունը, մեր փոխօգնությունը, այլ ոչ թե պառակտումն ու ներքին կոնֆլիկտը։ Ուզում եմ ևս մեկ անգամ ասել` թող հողը թեթև լինի բոլոր նրանց համար, ովքեր զոհվեցին, թող վիրավորներն առողջանան և շնորհակալություն նրանց, ովքեր զենքը ձեռքում կարողացան հերթական անգամ պաշտպանել մեր ազատությունն ու ողջ հայ ժողովրդի անկախությունը», – ասել է Վարդանյանը։–0–