ԵՐԵՎԱՆ, 20 սեպտեմբերի./Նովոստի–Արմենիա/. Արցախի նախագահ Բակո Սահակյանի խոսնակ Դավիթ Բաբայանը Pastinfo կայքին մեկնաբանել է ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի հայտարարությունը, որը վերաբերում է պատանդների փոխանակման մասին Ադրբեջանի առաջարկին։
Ավելի վաղ Ադրբեջանի ռազմագերիների, պատանդների և անհայտ կորածների հարցերով պետական հանձնաժողովը հայտարարել է, որ Բաքուն պատրաստ է Ադրբեջանում գտնվող ՀՀ քաղաքացիներ Կարեն Ղազարյանին և Արայիկ Ղազարյանին փոխանակել ԼՂՀ-ում դատապարտված Դիլհամ Ասկերովի և Շահբազ Գուլիևի հետ։
«Պաշտպանության նախարարի մեկնաբանության մեջ շատ կարևոր մի կետ կա։ Դավիթ Տոնոյանը բացեիբաց հայտարարել է, որ այդ դիվերսանտների հետ կապված հարցը պաշտոնական Ստեփանակերտի սուվերեն իշխանության ներքո է գտնվում»,- նշել է Բաբայանը՝ անդրադառնալով Ադրբեջանում գտնվող ՀՀ քաղաքացիներ Կարեն Ղազարյանին և Արայիկ Ղազարյանին ԼՂՀ-ում դատապարտված ադրբեջանցի դիվերսանտներ Դիլհամ Ասկերովի և Շահբազ Գուլիևի հետ փոխանակելու Բաքվի առաջարկության վերաբերյալ ՀՀ ՊՆ Դավիթ Տոնոյանի մեկնաբանությանը։
Загружается новость ... "Лево"
Արցախի նախագահի խոսնակը շեշտել է՝ Բաքուն դիմել է ոչ թե պաշտոնական Ստեփանակերտին, այլ՝ Երևանին. «Սրանով Ադրբեջանը շարունակում է իր ահաբեկչական քաղաքականությունը՝ ցանկանալով ցույց տալ, որ չկա Արցախ, որ արցախյան պետականություն գոյություն չունի, որ Հայաստանը ագրեսոր է։ Ինչո՞ւ պետք է Երեւանում որոշեն Արցախի Հանրապետության դատարանի կողմից դատապարտված մարդկանց ճակատագիրը։ Իրենք հատուկ այնպես են անում, որ Մայր Հայաստանին ներքաշեն այդ գործերի մեջ՝ դրանով հարված հասցնելով մեր պետականությանը, թե արցախյան, թե հայաստանյան հատվածին»։
Դավիթ Բաբայանը տարակուսում է՝ ինչպե՞ս կարելի է խոսել ահաբեկիչներին Ադրբեջանին հանձնելու մասին։
«Ես երեկ մի համեմատություն բերեցի, եթե մեր ձեռքում լիներ Գուրգեն Մարգարյանին դաժանաբար կացնահարած տականք Սաֆարովը, եթե նա լիներ Երևանում, մենք պետք է նրան արտահանձնեինք Բաքվի՞ն։ Նույն տարբերակն է, ոչ մի տարբերություն այս հանցագործների արարքի մեջ չկա։ Այդ 2 հանցագործները կատարել են հանցագործություններ Արցախի տարածքում, նրանց նկատմամբ դատ է եղել՝ բաց, թափանցիկ։ Մենք ի՞նչ է, պետք է վերադարձնե՞նք նրանց։ Մենք ո՞նց ենք նայելու Գուրգեն Մարգարյանի ծնողների աչքերին, ո՞նց ենք նայելու Ցականյանների աչքերին և տասնյակ հազարավոր այլ մարդկանց աչքերին», – շեշտել է Դավիթ Բաբայանը։
Նրա խոսքով, խնդիրն, իհարկե, բարոյական ու հոգեբանական տեսանկյունից շատ ծանր է, որովհետև մեր տղաներն էլ սահմանից այն կողմ են գտնվում, բայց Ադրբեջանը իրավունք չունի իր տարածքում պահել ՀՀ քաղաքացիներին։
«Գիտե՞ք ինչու է մեզ ասում՝ բաց թողեք այդ ահաբեկիչներին, որպեսզի ոտնահարի մեր արժանապատվությունը։ Գիտե՞ք ինչ է լինելու, պայթելու է հասարակությունը։ Չի լինելու այդպիսի բան, որևէ մեկը թույլ չի տալու այդպիսի բան, կուլ չի գնալու այդ ամենին»,-շեշտել է Դավիթ Բաբայանը։
Անդրադառնալով ՀՀ ՊՆ Դավիթ Տոնոյանի հայտարարությանը, որ հայկական կողմը սկզբունքորեն դեմ չէ ՀՀ քաղաքացիներին վերադարձնելու իրենց տները և աշխատելու է այդ ուղղությամբ, Դավիթ Բաբայանն ասել է.« Իհարկե, սկզբունքորեն դեմ չենք, ո՞վ է դեմ, բայց պետք է աշխատանք տարվի, որ նրանք դուրս գան, բայց Ադրբեջանը պարտավոր է նրանց բաց թողնել, իսկ եթե մենք փոխենք նրանց այդ ահաբեկիչների հետ, կնշանակի՝ այլեւս որեւէ մեկը չպետք է գնա Գուրգեն Մարգարյանի գերեզմանին ծաղիկներ դնելու, դա կնշանակի՝ արդարացնել Սաֆարովին»։
Այն դիտարկմանը, թե ստեղծված իրավիճակում հայկական կողմն ինչ քայլեր պետք է անի՝ Դավիթ Բաբայանն արձագանքել է. «Բոլոր միջազգային կառույցներում պետք է խնդիրը ներկայացնել, Ադրբեջանը արդեն չափն ու սահմանն անցնում է։ Սեպտեմբերի 11-ին է նա այդ նամակներն ուղղել տարբեր միջազգային կազմակերպություններին, բոլորս հասկանում ենք, թե դա ինչ օր է, դա ահաբեկչության օր է, բայց բոլորը պապանձվել են՝ ներսի, դրսի իրավապաշտպանները, ոչ ոք չի խոսում, բա թող խոսեն, մի փոքր միջադեպ է լինում, պատեհ-անպատեհ առիթով գոռում, բղավում են, ճղում են իրենց, ինչո՞ւ են լռում, ինչու չեն բարձրաձայնում, նամակներ հղում միջազգային կազմակերպություններին»։
Հիշեցնենք, որ օգոստոսի 12-ին, ժամը 12:00-ի սահմաններում Արցախի ՊԲ հարավարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասից, դեռևս չպարզված հանգամանքներում, զինծառայող 2000 թվականին ծնված Արայիկ Ղազարյանը լքել է մարտական դիրքերը: Ադրբեջանը հայտարարել է, որ զինծառայողը գտնվում է իրենց մոտ: Ավելի ուշ ՀՀ ՊՆ–ն հաստատել է այդ տեղեկատվությունը։
ՀՀ քաղաքացի Կարեն Ղազարյանը փետրվարի 27–ին Ադրբեջանում դատապարտվել է 20 տարվա ազատազրկման: Նա հայտնվել է Ադրբեջանի սահմանին 2018 թվականի հուլիսին չպարզված պայմաններում, սակայն Ադրբեջանում նրան դիվերսանտ են համարում:
Ադրբեջանի քաղաքացիներ Գուլիևն ու Ասկերովը 2014 թվականի ԼՂՀ ընդհանուր իրավասության դատարանի կողմից դատապարտվել են 22 տարվա ազատազրկման և ցմահ դատապարտման՝ դեռահասի սպանության, ԼՂՀ սահմանի ապօրինի հատման, զենքի պահման և լռտեսության, ինչպես նաև հայոց բանակի սպայի սպանության համար:–0–