Հակառակորդը իր մի քանի դիակները վերցնելու ժամանակ փորձել է պրովոկացիաներ անել. ՊՆ

ԵՐԵՎԱՆ, 10 հոկտեմբերի./Նովոստի–Արմենիա/. Հակառակորդը իր մի քանի դիակները վերցնելու ժամանակ փորձել է պրովոկացիաներ անել։
Այս մասին նշեց ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանն այսօր կայացած ճեպազրույցի ընթացքում։
«Հրադադարից հետո, ինչպես հստակ նշված էր արտգոծնախարարների հայտարարության մեջ, ՊԲ–ի տեղամասերից մեկում թույլ է տրվել, որպեսզի մոտենան և վերցնեն իրենց մի քանի դիակները, սակայն դրանից հետո այդ գործընթացը դադարեցվել է, որովհետև նման դեպքերը ևս օգտագործվում են պրովոկացիաներ անելու նպատակով։ Դրա համար պաշտոնապես հայտարարում ենք, որ հետայսու դա թույլ է տրվելու միայն, ինչպես հայտարարության մեջ նշված է, Կարմիր Խաչի ներկայացուցիչների առկայության պարագայում», – ընդգծել է Հովհաննիսյանը։
Հոկտեմբերի 10–ին ավելի քան 11 ժամ տևած բանակցություններից հետո Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները հանդես են եկել հայտարարությամբ, որն ընթերցել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։ Հայտարարության մեջ, մասնավորապես, նշվում է. 2020թ. հոկտեմբերի 10-ի ժամը 12:00-ից մարդասիրական նպատակներով հայտարարվում է կրակի դադարեցման մասին` ռազմագերիների և պահվող այլ անձանց, զոհվածների մարմինների փոխանակման համար` Կարմիր Խաչի Միջազգային Կոմիտեի միջնորդությամբ և վերջինիս չափանիշների համաձայն։ Կրակի դադարեցման հստակ պարամետրերը կհամաձայնեցվեն հավելյալ։ Հայաստանի Հանրապետությունը և Ադրբեջանի Հանրապետությունը, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ, կարգավորման հիմնարար սկզբունքների հիման վրա ձեռնամուխ են լինելու առարկայական բանակցությունների` խաղաղ կարգավորմանը շուտափույթ հասնելու նպատակով։ Կողմերը վերահաստատում են բանակցային գործընթացի ձևաչափի անփոփոխությունը։–0–