Երեկ ադրբեջանական կողմը Մատաղիսի հատվածում հայկական կողմին է փոխանցել զինծառայողի աճյուն. ԱԻՊԾ
16.02.2021,
11:31
Երեկ Հադրութի շրջանում զինծառայողների աճյուններ չեն հայտնաբերվել, ադրբեջանական կողմը Մատաղիսի հատվածում հայկական կողմին է փոխանցել զինծառայողի աճյուն

ԵՐԵՎԱՆ, 16 փետրվարի./Նովոստի–Արմենիա/. Երեկ, փետրվարի 15-ին Հադրութի շրջանում իրականացված որոնումներն արդյունք չեն տվել, զոհված զինծառայողների մասունքներ չեն հայտնաբերվել, փոխարենն ադրբեջանական կողմը Մատաղիսի հատվածում հայկական կողմին է փոխանցել ևս մեկ՝ նախնական տվյալներով զինծառայողի (ռազմագործողությունների մասնակից) աճյուն, հաղորդում է Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը:
Նրա ինքնությունը պարզ կլինի դատաբժշկական փորձաքննությունից հետո:
«Որոնողական աշխատանքներ այսօր չեն իրականացվելու: Հրադադարից հետո մինչ այսօր հայտնաբերվել է ընդհանուր 1379 զոհված զինծառայողների և քաղաքացիական անձանց աճյուններ», – նշվում է գերատեսչության հաղորդագրության մեջ:–0–