Բերձորի միջանցքի նոր երթուղին կգործարկվի սեպտեմբերի առաջին շաբաթվա ընթացքում. Արցախի ՏԿԵ նախարար

26.08.2022, 10:15
Նոր երթուղու ժամանակավոր հատվածը շրջանցում է Բերձորը, Աղավնոն և Ներքին Սուսը
Բերձորի միջանցքի նոր երթուղին կգործարկվի սեպտեմբերի առաջին շաբաթվա ընթացքում. Արցախի ՏԿԵ նախարար
ԵՐԵՎԱՆ, 26 օգոստոսի./Նովոստի-Արմենիա/. Բերձորի միջանցքի նոր երթուղին կգործարկվի ընթացիկ տարվա սեպտեմբերի առաջին շաբաթվա ընթացքում:

Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում տեղեկացրել է Արցախի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Հայկ Խանումյանը:

«Մինչ այդ կգործի Ստեփանակերտ-Բերձոր-Գորիս մայրուղին: Այլընտրանքային երթուղին կգործի դեպի հարավ տեղափոխվող նոր միջանցքում: Նոր ճանապարհով երթևեկությունը կսկսվի ռուսական խաղաղապահ զորակազմի բոլոր բլոկ-պոստերի տեղակայումից հետո: Այդ ընթացքում պատրաստ կլինի ժամանակավոր՝ 4,5 կիլոմետրանոց հատվածը, որի մի մասն արդեն ասֆալտապատվել է և մոտ օրերս ամբողջությամբ կավարտվի: Ենթադրվում է, որ սեպտեմբերի առաջին շաբաթվա ընթացքում երթևեկությունն արդեն կկազմակերպվի նոր ճանապարհով»,- մանրամասնել է նախարարը:

Նրա խոսքով՝ նոր երթուղու ժամանակավոր հատվածը շրջանցում է Բերձորը, Աղավնոն և Ներքին Սուսը, ապա միանում է Աղավնո-Տեղ ճանապարհին՝ Աղավնոյից մոտ 3 կմ հեռավորության վրա:

Գերատեսչության ղեկավարը հավելել է, որ ակտիվ շարունակվում է նաև ենթակառուցվածքների տեղափոխման գործընթացը: «Կապի հարցն արդեն լուծված է: Էլեկտրականության գծերի տեղափոխման համար դեռ ժամանակ կպահանջվի, իսկ գազամատակարարման առումով, ինչպես արդեն նշել եմ, այլ լուծումներ պետք է փնտրվեն»,-ասաց Հայկ Խանումյանը:

Օգոստոսի 25-ին, Արցախի Հանրապետության ներքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ երկկողմանի բաց է Արցախը Հայաստանին կապող միջպետական մայրուղու Շուշի-Բերձոր-Գորիս ճանապարհահատվածը, որի անվտանգությունն ապահովում են ռուս խաղաղապահները:

Հիշեցնենք, որ օգոստոսի սկզբին Ստեփանակերտը հայտարարել է, որ ադրբեջանական կողմը ռուսական խաղաղապահների միջոցով պահանջել է կազմակերպել Արցախի և Հայաստանի միջև հաղորդակցությունը նոր երթուղով:

Բերձոր, Աղավնո և Ներքին Սուս բնակավայրերի բնակիչներն իրազեկվել են, որ օգոստոսի 25-ից հետո այդ տարածքում չեն լինի ռուս խաղաղապահներ, այդ պատճառով նրանք պետք է առաջիկայում հեռանան իրենց տներից:-0-