Բալասանյանի կուսակցությունն ու ՀՅԴ–ն հայտարարել են Արցախի նախագահի կողմից պայմանավորվածությունների խախտման մասին

ԵՐԵՎԱՆ, 29 դեկտեմբերի./Նովոստի–Արմենիա/. Խորհրդարանական ուժերն ընդունել են ազգային միասնության կառավարություն ստեղծելու Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի առաջարկը՝ նախագահի փաստացի լիազորությունները սահմանափակելու և ողջամիտ ժամկետում արտահերթ ընտրություններ կազմակերպելու նախապայմանով։
Այս մասին նշվում է Հայ Յեղափոխական Դաշնակցություն կուսակցության և Արցախի «Արդարություն» կուսակցության համատեղ հայտարարության մեջ, հաղորդում է news.am-ը։
«Հետագա քննարկումների ընթացքում գործող նախագահը, խախտելով ձեռք բերված պայմանավորվածությունները, սկսել է միանձնյա ձևավորել նոր կառավարություն՝ դրանով իսկ խաթարելով երկիրը ճգնաժամից համախորհուրդ դուրս բերելու բացառիկ հնարավորությունը։ Ստեղծված իրավիճակում անիմաստ է դարձել շարունակել կառավարության ձևավորման գործընթացին մեր մասնակցությունը, քանի որ այն իր մեջ չի պարունակում «ազգային համաձայնության կառավարության» ձևավորման տեսլականը։ Կառավարության ձևավորման, դրա հետագա գործունեության և երկրում տեղի ունեցող գործընթացների ամբողջական պատասխանատվությունը նման պայմաններում կրում է անձամբ ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը», – նշվում է հայտարարության մեջ։
«Արդարություն» կուսակցությունը գլխավորում է Արցախի Անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանը։
2020թ.–ի դեկտեմբերի 1–ին Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանն առաջարկեց ձևավորել ազգային համաձայնության կառավարություն։ Նա սկսեց քաղաքական խորհրդակցություններ քաղաքական և հասարակական լայն շրջանակների հետ, որպեսզի քննարկի ընթացիկ մարտահրավերներն ու ապագա ծրագրերը։ Դրանից հետո Հարությունյանն իրականացրեց փոփոխություններ կառավարության կառուցվաածքում և կատարեց մի շարք նշանակումներ։–0–