Արծրուն Հովհաննիսյանը ներկայացրել է, թե ինչպես են Ադրբեջանի հետախուզադիվերսիոն փոքր խմբերը փորձել ներթափանցել Հադրութ

ԵՐԵՎԱՆ, 10 հոկտեմբերի./Նովոստի–Արմենիա/. ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը ներկայացրել է, թե ինչպես են Ադրբեջանի հետախուզադիվերսիոն փոքր խմբերը փորձել ներթափանցել Հադրութ։
Այսօր ցերեկը ՊԲ–ն հաղորդագրություն էր տարածել` նշելով, որ նախքան հումանիտար հրադադարի հաստատումը ադրբեջանական կողմը դիվերսիոն-հետախուզական ներթափանցման փորձ է ձեռնարկել Հադրութի ուղղությամբ։
«Մինչև հրադադարի հայտարարելը Ադրբեջանի ԶՈւ–ից հետախուզադիվերսիոն ստորաբաժանումներից փոքր խմբեր փորձել են ներթափանցել Հադրութ քաղաք, և այդ ընթացքում հրադադարից հետո մեր կողմից այդ խմբերը չեզոքացվել են, ընթացել են ոչ մեծ մասշտաբային մարտեր», – ասել է Հովհաննիսյանն` ավելացնելով, որ այս մասին Պաշտպանության բանակը լրացուցիչ հայտարարել է և հստակ նշվել է, որ պրովոկացիան կատարվել է մինչև հրադադարն այն հաշվարկով, որ հրադադարը հայտարարելուց հետո որպես փաստ արդեն արձանագրված լինի։
Հոկտեմբերի 10–ին ավելի քան 11 ժամ տևած բանակցություններից հետո Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները հանդես են եկել հայտարարությամբ, որն ընթերցել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։ Հայտարարության մեջ, մասնավորապես, նշվում է. 2020թ. հոկտեմբերի 10-ի ժամը 12:00-ից մարդասիրական նպատակներով հայտարարվում է կրակի դադարեցման մասին` ռազմագերիների և պահվող այլ անձանց, զոհվածների մարմինների փոխանակման համար` Կարմիր Խաչի Միջազգային Կոմիտեի միջնորդությամբ և վերջինիս չափանիշների համաձայն։ Կրակի դադարեցման հստակ պարամետրերը կհամաձայնեցվեն հավելյալ։ Հայաստանի Հանրապետությունը և Ադրբեջանի Հանրապետությունը, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ, կարգավորման հիմնարար սկզբունքների հիման վրա ձեռնամուխ են լինելու առարկայական բանակցությունների` խաղաղ կարգավորմանը շուտափույթ հասնելու նպատակով։ Կողմերը վերահաստատում են բանակցային գործընթացի ձևաչափի անփոփոխությունը։–0–