Արցախում ադրբեջանցի դիպուկահարի թիրախային կրակոցից 55–ամյա քաղաքացի է մահացել, հրապարակվել է լուսանկար դեպքի վայրից (ՖՈՏՈ)

10.10.2021, 00:07
Արցախում ադրբեջանցի դիպուկահարի թիրախային կրակոցից 55–ամյա քաղաքացի է մահացել, հրապարակվել է լուսանկար դեպքի վայրից.ՖՈՏՈ

Արցախում ադրբեջանցի դիպուկահարի թիրախային կրակոցից 55–ամյա քաղաքացի է մահացել, հրապարակվել է լուսանկար դեպքի վայրից (ՖՈՏՈ)

ԵՐԵՎԱՆ, 9 հոկտեմբերի./Նովոստի–Արմենիա/. Հոկտեմբերի 9-ին Արցախի Հանրապետության Մարտակերտ քաղաքի մերձակայքում նռան այգում գյուղատնտեսական աշխատանքներ կատարելու ժամանակ ադրբեջանական դիպուկահարի ուղիղ թիրախային հարվածից կրծքավանդակի հատվածում ստացած մահացու վիրավորման հետևանքով տեղում զոհվել է Մարտակերտ քաղաքի 1966թ․ ծնված բնակիչ Արամ Տեփնանցը, հայտնում է Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը։ 

Ինչպես նշել է Ստեփանյանը, Ադրբեջանի կողմից Արցախում քաղաքացիական անձի դիտավորյալ սպանությունը նոյեմբերի 9-ին հրադադարի հաստատումից հետո ադրբեջանական կողմից խախտումների, իրականացվող սադրանքների և Արցախի ժողովրդի կյանքի, առողջության, ֆիզիկական և հոգեկան անձեռնմխելիության դեմ ուղղված ոտնձգությունների համար իրական պատասխատվության բացակայության արդյունք և հետևանք է։ 

«Այս ընթացքում բազմիցս հայտարարել և ընդգծել ենք միջադեպերի հեղինակներին պատասխանատվության ենթարկելու գործուն մեխանիզմների անհրաժեշտությունը, համարելով, որ դա է իրական հնարավորությունն եւ արդյունավետ միջոցը միջադեպերի կրկնությունը կանխելու համար, քանի որ հստակ հասկանալի է, որ միջադեպերի առթիվ Արցախի իրավապահ մարմինների կողմից հարուցված գործերը կրում են ադրբեջանցիների հանցավոր արարքները արձանագրելու և դրանց քրեադատավարական գնահատական տալու բնույթ, սակայն դրանք չեն կարող բավարար արդյունք ապահովել, եթե «կյանքի իրավունքը» հարգելու պարտականություն ստանձնած Ադրբեջանը չհարգի այդ իրավունքը», – նշվում է Ստեփանյանի հայտարարության մեջ։ 

Այսօր գրանցված միջադեպը ևս մեկ անգամ ապացուցում է, որ ադրբեջանական ռազմական հենակետերը, որոնք տեղակայված են Արցախի խաղաղ բնակավայրերի մերձակայքում, անհերքելի սպառնալիք են հանդիսանում խաղաղ բնակիչների կյանքի և բնականոն կենսագործունեության համար։ Ուստի նրանց անհապաղ հեռացումը միայն կարող է իրական անվտանգություն ապահովել խաղաղ քաղաքացիական բնակավայրերի համար։

Արցախի ոստիկանությունը հրապարակել է լուսանկար միջադեպի վայրից։ 

 - рис.1

Ինչպես նշվում է ոստիկանության հաղորդագրության մեջ, դեպքը տեղի է ունեցել կեսօրին՝ Մարտակերտ քաղաքի հարակից դաշտում: 

Իրավապահ մարմինները կատարել են դեպքի վայրի և դիակի արտաքին զննություն: 

Նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն: Հարուցվել է քրեական գործ: Կատարվում է նախաքննություն:

Ստուգմամբ զբաղվում է ԱՀ քննչական կոմիտեն։–0–