Արցախում Ադրբեջանն այսօր կրակ է բացել գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնող քաղաքացիների ուղղությամբ

22.11.2022, 16:53
Ադրբեջանն այսօր կրկին կրակ է բացել
Արցախում Ադրբեջանն այսօր կրակ է բացել գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնող քաղաքացիների ուղղությամբ
ԵՐԵՎԱՆ, 22 նոյեմբերի./Նովոստի-Արմենիա/. Նոյեմբերի 22-ին ժամը 14:30-ին Ասկերանի շրջան Սարուշեն համայնքի ղեկավարը ոստիկանության Մարտունու շրջանային բաժնի Կարմիր Շուկայի բաժանմունք է դիմել այն մասին, որ Մաճկալաշեն գյուղի վարչական տարածքում գտնվող Ամարասի հովտում՝ Սարուշեն համայնքին պատկանող գյուղատնտեսական հողատարածքներում գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնելիս, ադրբեջանական բանակի մարտական հենակետերից հրաձգային տարբեր տեսակի զինատեսակներից անկանոն կրակոցներ է արձակվել, ինչի հետևանքով դադարեցվել է գյուղատնտեսական աշխատանքը, հաղորդում է Արցախի ներքին գործերի նախարարությունը:

Գերատեսչությունից հիշեցնում են, որ երեկ՝ նոյեմբերի 21-ին ժամը 11:00-ի սահմաններում ևս նույն վայրում աշխատող խաղաղ բնակիչների ուղղությամբ հակառակորդը կրակ է բացել՝ խախտելով հրադադարի պահպանման ռեժիմը:

Քաղաքացիական անձանց շրջանում տուժածներ չկան:

Ոստիկանության Մարտունու շրջանային բաժինը փաստերը հավաքագրել ու փոխանցել է խաղաղապահ զորակազմին:-0-