Արցախի ժողովուրդը պայքարում է թուրք-ադրբեջանական դաշինքի դեմ. Նաղդալյան (ՎԻԴԵՈ)

28.09.2020, 18:46
Արցախի ժողովուրդը պայքարում է թուրք-ադրբեջանական դաշինքի դեմ. Նաղդալյան. ՎԻԴԵՈ
 Արցախի ժողովուրդը պայքարում է թուրք-ադրբեջանական դաշինքի դեմ. Նաղդալյան (ՎԻԴԵՈ)

ԵՐԵՎԱՆ, 28 սեպտեմբերի./Նովոստի-Արմենիա/. Արցախի ժողովուրդը պայքարում է ադրբեջանա-թուրքական դաշինքի դեմ, հայտնել է ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը Միասնական տեղեկատվական կենտրոնում ճեպազրույցի ժամանակ:

Նաղդալյանը նշել է, որ այս անգամ Ադրբեջանի սանձազերծած ագրեսիան ունի երկու առանձնահատկություն:

«Առաջին առանձնահատկությունն այն է, որ Ադրբեջանի նախագահի մակարդակով հրապարակավ հրաժարում է եղել խաղաղ գործընթացից, խնդիր է դրվել խնդիրը լուծել ռազմական ճանապարհով: Երկրորդ առանձնահատկություն այն է, որ այս անգամ մենք առնչվում ենք Ադրբեջանին ցուցաբերվող Թուրքիայի քաղաքական և ռազմական ուղղակի աջակցությանը: Այն դրսևորվում է տեղում թուրքական ռազմական ներկայությամբ: Այս անգամ Արցախի ժողովուրդը պայքարում է թուրք-ադրբեջանական դաշինքի դեմ: Արցախի և Հայաստանի կարողությունները և վճռականությունը` հակադարձել այս դաշինքին, աներեր են»,- հայտնել ԱԳՆ մամուլի խոսնակը:

Աննա Նաղդալյանը նաև ընգծել է, որ ՀՀ դիվանագիտական ծառայությունն աշխատում է արտակարգ ռեժիմով, իսկ նախարար Զոհրաբ Մնացականյանը մշտական կապի մեջ է տարբեր երկրների իր գործընկերների հետ:-0-


Սեպտեմբերի 27–ին ժամը 07։10–ին Ադրբեջանի ԶՈւ–ն լայնածավալ գործողություններ է սկսել Արցախի շփման գծի ողջ երկայնքով։ Հայաստանի և Արցախի ՊՆ–ների հաղորդմամբ, հակառակորդը սկսել է օդային և հրթիռային հարձակումներ, սակայն հետ է ամղվել մի քանի ուղղություններով։ Ադրբեջանական կողմը կրել է կենդանի ուժի կորուստներ (մոտ 200 մարդ), կորցրել է նաև տեխնիկա։ Մասնավորապես, ոչնչացվել է 33 տանկ և ԲՄՊ, 4 ուղղաթիռ, 27 ԱԹՍ, 2 ինժեներական զրահամեքենա։

Արցախի և Հայաստանի ՊՆ–ների հաղորդմամբ, հայկական կողմից զոհվել է 58 զինծառայող։ Վիրավորվել է մոտ 200 զինծառայող։

Նշենք, որ Ադրբեջանի ԶՈւ–ն գնդակոծում է նաև խաղաղ բնակավայրերը, այդ թվում` Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտը։
Արցախում և Հայաստանում հայտարարվել է ռազմական դրություն և համընդհանուր զորահավաք։–0–