Ադրբեջանը խլացնում է Արցախի բջջային կապի և ինտերնետ հասանելիությունը․ՄԻՊ

27.08.2021, 21:00
Արցախի որոշ համայնքներում բնակչությունը ամբողջությամբ զրկված է կապի հասանելիությունից
Ադրբեջանը խլացնում է Արցախի բջջային կապի և ինտերնետ հասանելիությունը․ՄԻՊ

ԵՐԵՎԱՆ, 27 օգոստոսի․/Նովոստի-Արմենիա/․ Արցախի Հանրապետության ամբողջ տարածքում հեռահաղորդակցության միջոցները, մասնավորապես՝ բջջային կապն ու համացանցը, տևական ժամանակ է աշխատում են խափանումներով, հայտնում է Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը։ 

Загружается новость ... "Лево"

Որոշ համայնքներում բնակչությունը ամբողջությամբ զրկված է կապի հասանելիությունից։ 

«Հաշվի առնելով խնդրի վերաբերյալ ստացված բազմաթիվ ահազանգերը՝ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի կողմից իրականացվել է ուսումնասիրություն, մասնավորապես հարցի վերաբերյալ պարզաբանումներ են ստացվել ԱՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության համապատասխան ստորաբաժանումներից և «Ղարաբաղ Տելեկոմ» ՓԲԸ-ից։ Հավաքագրված փաստերը վկայում են, որ բջջային կապի և համացանցի հասանելիությունը Արցախի տարածքում խլացվում է ադրբեջանցիների կողմից հեռահաղորդակցության ոլորտում ծառայություններ մատուցող ընկերությունների կողմից օգտագործվող հաճախականությունների և տեխնիկական միջոցների վրա ներազդելու եղանակով», - նշել է Ստեփանյանը Facebook-յան իր էջում։ 

Ադրբեջանը օգտագործում է ցանկացած մեթոդ Արցախի բնակչության իրավունքները ոտնահարելու և անհարմարություններ պատճառելու նպատակով: 

Ստեփանյանն ընդգծում է, որ կոնկրետ այս պարագայում ադրբեջանական կողմի գործողությունները խոչընդոտներ են ստեղծում Արցախի ժողովրդի՝ հեռախոսային և հաղորդակցության այլ ձևերից օգտվելու ազատության և տեղեկացված լինելու իրավունքի համար։ 

«ՄԻՊ աշխատակազմ ստացված պարզաբանումների համաձայն՝ հարցը ներակայացվել է ռուս խաղաղապահների ուշադրությանը, պետական իրավասու մարմինների կողմից աշխատանքներ են տարվում տեխնիկական հզորությունների կատարելագործման և ստեղծված իրավիճակը շտկելու ուղղությամբ», - նշել է Ստեփանյանը։-0-